Մարգարյանը կրկնեց կուսակցապետին․ խայտառակ իրավիճակ


Մարգարյանը կրկնեց կուսակցապետին․ խայտառակ իրավիճակ
Հունվար 11 12:58 2018

Կառավարության այսօրվա նիստի սկզբում լրագրողների համար նախատեսված սրահում կարճ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Կառավարության լրատվական ծառայության ղեկավար Զոյա Բարսեղյանը։ Նա տեղեկացրեց, որ ընդունվել է որոշում, համաձայն որի կառավարության նիստից հետո միջանցքում՝ սահմանված վայրում տեղի կունենան բրիֆինգներ՝ գործադիրի անդամների հետ։ Նախկինում, նկատենք, լրագրողները նախարարներին կամ փոխնախարարներին հարցեր էին ուղղում միջանցքի տարբեր հատվածներում, հիմնականում` աստիճանների մոտ։ Հիմա կառավարության լրատվականը տեղադրել է պաստառ, դիմացը՝ ամբիոն, որի մոտ էլ նիստերից հետո լրագրողների հարցերին պատասխանելու են գործադիրի անդամները։

Նիստից հետո հենց այպես էլ արեցին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Այդ ընթացքում կառավարության շենք են ժամանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լրատվականի աշխատակիցները։ Ավելի ուշ Armday.am-ի (Araratnews.am) եւ նիստին ներկա մի շարք այլ լրատվամիջոցների լրագրողների հայտնի է դառնում, որ կառավարության շենքում Տարոն Մարգարյանը հանդիպել է մի քանի լրատվամիջոցների ներկայացուցչի հետ։ Այլ կերպ ասած, նախատեսված բրիֆինգին հրավիրվել են միայն ընտրյալ լրատվամիջոցներ։ Մեզ հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանի բրիֆինգին ներկա են եղել միայն հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ մեկ-երկու լրատվական կայքերի լրագրողներ։

Մյուս լրատվական կայքերին Մարգարյանի լրտավականից հարկ չեն համարել տեղեկացնել։ Բացի այդ, բրիֆինգ կոչվածի ժամանակ ներկա լրագրողները, բնականաբար, հարցեր չեն ուղղել, այլ միայն լսել են Մարգարյան Տարոնին։

Araratnews.am-ը Կառավարության լրատվական ծառայության պետից փորձեց ճշտել, թե ինչպե՛ս է ստացվում, որ Տարոն Մարգարյանը վերեւում է բրիֆինգ հրավիրել, իսկ մյուսները՝ սահմանված կարգով ներքեւում։ Զոյա Բարսեղյանը չուներ այս հարցի պատասխանը։ Նա նաեւ չգիտեր, թե ինչո՛ւ մյուս լրատվամիջոցներին արգելված է ներկա գտնվել։ Զոյա Բարսեյանն ու Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը առաջարկեցին այդ ամենի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանի լրատվականից։ Տարոն Մարգարյանի լրատվականի պետ Արթուր Գեւորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հայտնեց, թե տեղյակ չէ, որ նման միջոցառում է կազմակերպվել կառավարության շենքում։ Ստացվում է, որ Մարգարյանն ու յուր աշխատակիցները ցանկացած պահի կարող են մտնել կառավարության շենք, թելադրել իրենց պայմանները։

Մամուլի ներկայացուցիչների հետ բաց ու թափանցիկ աշխատելաոճը հերթական անգամ իրականությանը չի համապատասխանում։ Չնայած զարմանալու որեւէ բան չկա։ Տարոն Մարգարյանը պարզապես անում է այն, ինչ տարիներ շարունակ արել է իր կուսակցապետ Սերժ Սարգսյանը։ Նա էլ «ասուլիսներին» հրավիրում է միայն ընտրյալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Փայլակ Ֆահրադյան