2018 թվականը մտավ ընթացքի մեջ


2018 թվականը մտավ ընթացքի մեջ
Հունվար 8 16:27 2018

2018 թվականը մտավ ընթացքի մեջ:

Թող այն Հայրենիքիս ու աշխարհասփյուռ հայերի համար լինի խաղաղության և հաղթանակի տարի: Հաղթենք, որպեսզի իրավական Հայաստանի Հանրապետության կառուցման հիմքը դնենք…

Նախորեին ահազանգ ստացանք, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի բազմահարկ հանրակացարանային շենքերից մեկի նկուղում պատսպարվել է Արցախյան ազատամարտիկի 14 հոգուց կազմված ընտանիքը: Ահազանգի հիման վրա «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այցելեցին այդ նկուղը և տեղում ծանոթացան խնդրի էությանը:

Երնեկ թե այս Նոր տարին գիտակցություն տա յուրաքանչյուրին, լինի նա պաշտոնյա, թե ոչ պաշտոնյա, որպեսզի ըմբռնեն հասկանան, տիրող դժոխային անարդարությունը, անմարդկային, գերնվաստացնող, ստորացուցիչ պայմանները, որում մեծանում են 12 երեխա՝ մեր վաղվա առաջնագծի զինվորներն ու մայրերը:

Նկարագրեմ իրավիճակը հնարավորինս մանրամասն. 14 հարկի կոյուղիների խողովակներն անցնում են այն նկուղով, որտեղ ծվարել է ժամանակին մեր երկիրը պաշտպանած, բայց այժմ անպաշտպան մարտիկի ընտանիքը: Ամբողջովին բետոնապատ նկուղ է, որտեղ գտնվում են նկուղի տիրոջ իրերը, ով օրվա մեջ մի քանի անգամ գալիս և դուրս է հրավիրում այս ընտանիքին, ովքեր ուղղակի տեղ չունեն գնալու, իրավիճակն ամբողջովին ԱՆԵԼԱՆԵԼԻ է: Երեխաները բոլորը չափազանց խելացի, խոհուն հայացքներ ունեն, նրանց աչքերի մեջ հնարավոր չէ նայել, մեղքի զգացումը չի թողնում…

Նկուղատիրոջ ցախերի ու փայտի վրա, յուրաքանչյուրը մի անկյուն է գտել ու ծվարել, իսկ վեց ամսական Մոնթեն, հանգիստ քնած է, ժամանակ առ ժամանակ արթնանում է, որովհետև հազում է: Բոլորն են հազում, բոլորն անխտիր, հինգն ունեն ջերմություն, սակայն ջերմ իջեցնող էլ չեն խմել, որովհետև չունեն: Ընտանիքի հայրն այնքան արժանապատիվ մարդ է, որ անգամ այս պայմաններում չի բողոքում, միայն կացարան է խնդրում, ասաց, բոլորի տներում Ձմեռ պապիկներ են կախված, իսկ իմ երեխաները… որոշակի դադարից հետո շարունակեց, փառք Աստծո, չեմ բողոքում, ցամաք հաց ունենք, միայն ծածկ ունենանք, ամեն ինչի մասին կհոգանք…

Համացանցում տարածված տեսանյութն ունենալով մեծ արձագանք հանրության կողմից, որի մեջ կար նաև կարծիք, թե եթե չեն կարողանում պահել, թող չբերեին, ինչու չբերեի՞ն, Աստված պարգևել է, սպանե՞ն երեխային: Մենք դեմոգրաֆիայի խնդիր ունենք, պետք է նման ընտանիքներին միայն ու միայն խրախուսենք, սատար կանգնենք, որ շատանանք: Բազմազավակ ընտանիքը մեր հպարտությունը պետք է լինի: Պետք է խոնարհվել այս կնոջ առջև, որ 14 անգամ մայրանալով մեզ այսքան առողջ տղաներ ու աղջիկներ է պարգևել:

Ինչի՞ համար է պետությունը, եթե ոչ հենց այս մարդկանց սատար, հենարան կանգնելու ու աջակցելու, պետական հոգածության տակ վերցնելու…
Միթե մեր պետությունը, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, թույլ է տալու, որպեսզի սոցիալապես այսպիսի ծանր վիճակում գտնվող բազմանդամ ընտանիքների առկայության պարագայում մայրաքաղաքի իշխանությունը բռնազավթածը վայելի համայնքային բյուջեն իր սպասարկուների հետ՝ խրախճանքի վայր դարձնելով համայն հայոց մայրաքաղաքի քաղաքապետարանը, որտեղ արգելված է շարքային քաղաքացու մուտքը: Ինչ ունի վախենալու, միթե չուներ այնքան համարձակություն, որ դուրս գար և անձամբ, գոնե մի հայացք գցեր այդ երեխաների աչքերին ու նորից շարունակեր իր կերուխումը…

Այլ երկրներում նույնիսկ ոչ իրենց քաղաքացիներին են ապաստան տալիս, իսկ մեր երկրում, մեր քաղաքապետարանում, տրակտորների մասնագետը իրեն պատկերացնում է վարուցան անելիս և քաղաքապետարանը վերածել է հանրային գումարների ու միջոցների վարուցանքի վայրի: 12 երեխաների հետ մայրը, զսպելով արտասուքն, իր վիճակի ողջ ծանրությունը գիտակցելով, խեղդելով հայ կնոջ ամոթխածությունը՝ տոնի նախօրեին հասել էր քաղաքապետարան, որպեսզի անձամբ հանդիպի Տարոն Մարգարյանին և անձամբ նրանից լսի, թե ինչո՞ւ են իրենք այսպիսի արհամարհված և անելանելի վիճակում: Բայց պարոն Տարոն Մարգարյանը 12 անչափահասներին դեմ ուղարկեց մի խումբ ալկոհոլ բուրող, թանկարժեք գավաթները ձեռքներին, զուգված, զարդարված իր սպասարկու տիկնանց, ովքեր հրմշտոց ստեղծեցին և ուղղակի դուրս վռնդեցին անչափահասներին իրենց բազմաչարչար ու արժանապատիվ մոր հետ, ով իմ աչքի առաջ մերժեց և չվերցրեց իրեն մեկնած քսան հազար դրամանոցն այն տիկնոջ ձեռքից, ով հավանաբար երբեք չի մայրացել, և ամեն ինչ իշխող համակարգի սովորույթի ուժով լուծում է փողով: Ահա ևս մեկ առիթ խոնարհվելու այս երեխաների մոր առջև ու ևս մեկ առիթ հասկանալու, թե ում թիկունքում է թաքնվում բռնազավթիչ տրակտորիստն, ով ի պաշտոնե պարտավոր է րոպե չկորցնել և այս ընտանիքին տրամադրել բնակարան: Մի՞թե կոյուղագծերի խոնավության մեջ ենք մեծացնելու մեր վաղվա պաշտպանին, իսկ քրեաօլիգարխ պապաների զավակներն, ովքեր մանկուց հաշմանդամ են, խեղանդամ կամ ծառայության համար անպիտան, որոնցից մեկն էլ քաղաքապետարանի տրակտորիստն է, պիտի շրջեն մգեցված ապակիներով թանկարժեք մեքենաներով, յուրաքանչյուր հղփացած քայլի հետևում թողնելով մի դժբախտություն:
Երբ անցած վեց ամիսների ընթացքում Երևանի ավագանու նիստերի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները անդադար բարձրաձայնում էին հանրային միջոցների անօրինական և անարդար նվիրաբերելու մասին, ի ցույց էին դնում սոցիալական արդարության սկզբունքի խախտումները՝ օրինակ ունենալով մեր երկրի սոցիլական անապահով խավին, որն ըստ պաշտոնական տվյալների կազմում է շուրջ մեկ միլիոն մարդ: Պետության ուղղակի պարտականությունն է ապահովել սոցիալապես խոցելի վիճակում գտնվող մարդկանց սոցիալական բնակարանով: Երևանի համայնքային բյուջեի միջոցները կարող են և պետք է օգտագործվեն միայն սոցիալական արդարության, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքի ներքո:

«Դժոխքի երաժշտությունն է իշխում Հայաստանում» և օր առաջ հարկ է մերժել Սատանայի բանաձևն ու ազատվել սրանցից:

 

Սոննա Աղեկյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ



loading...