Հնդիկ տղան կնքվել է հայուհու հետ ամուսնանալու համար


Հնդիկ տղան կնքվել է հայուհու հետ  ամուսնանալու համար
Հունվար 6 15:52 2018

Հունվարի 9-ին ավստրալիական SBS հեռուստաալիքով կթողարկվի «Ամուսնացիր ինձ հետ, ամուսնացիր իմ ընտանիքի հետ» նոր շոուի առաջին հաղորդաշարը, որում տարբեր ազգությունների, կրոնի և ավանդույթների ներկայացուցիչներ կփորձեն հաղթահարել տարբերությունները և բազմամշակութային ընտանիք ստեղծել։ Առաջին եթերաշրջանում նման փորձություն կանցնեն հայուհի Նենսին և հնդիկ Աշուն։

Նենսին ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Ավստրալիայում, Աշուն ամբողջ կյանքն անցկացրել է Հնդկաստանում։


Երիտասարդներն առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ-ում, դրանից հետո նրանց միջև ծագել է ինտերնետային սիրավեպ։ Հեռավորության վրա հարաբերությունների արդյունքը դարձել է Աշուի տեղափոխվելն իր ընտրյալի մոտ՝ Սիդնեյ։

Շոուն դեռ չի հեռարձակվել եթերում, սակայն անոնսից արդեն պարզ է, որ հայ-հնդկական զույգն արդեն հաջող ընտանիք է կազմել. Նենսիի և Աշուի հարսանիքը տեղի է ունեցել հեռուստախցիկների օբյեկտիվների առջև։

«Շոուի հիմնական ուղերձը ոչ թե հակասությունները ցուցադրելն է, այլ այն, թե ինչպես են միավորվում տարբեր մշակույթների մարդիկ», — ասում է Աշուն։

Նենսիի և Աշուի մինչամուսնական հարաբերությունները տևել են մեկ տարի, դրանից հետո նա պատմել է Աշուի մասին իր ընտանիքին։

Աղջիկը իրենց հարաբերությունները երկար գաղտնի պահելը բացատրել է նրանով, որ իմացել է՝ ծնողներին շատ կանհանգստացնի այլազգի փեսա ունենալու միտքը։ Ինչ վերաբերում է Աշուին, նա խոստովանում է, որ հայկական երկիմաստ ակնարկները նորություն են եղել նրա համար, սակայն երիտասարդը հաղթահարել է այդ ամենը։

«Իմ ընտանիքի կողմից ոչ մի առարկություն չի եղել, բայց Նենսիի ընտանիքն այնքան բացասական էր տրամադրված եղել, որովհետև հայերը փորձում են միշտ հայի հետ ամուսնացնել իրենց զավակներին», — պատմել է Աշուն։

Փեսացուի խոսքերը հաստատել է նաև Նենսիի մայրը. նա շոուի հոլովակում հայտարարել է, որ հայերը «չեն սիրում, երբ իրենց երեխաներն ամուսնանում են այլ ազգության ներկայացուցիչների հետ»։

Նենսին հոլովակում ասում է իր ապագա փեսացուին, որ նա «կերել է իր կյանքը»։


Նրա խոսքով՝ երիտասարդն ամեն ինչ արել է, որպեսզի իրեն ընդունեն աղջկա ընտանիքում։ Օրինակ` հավատափոխ է եղել և կնքվել հայկական եկեղեցում։

«Ամուսնության համար հայ փեսացուն և հարսնացուն պետք է կնքված լինեն։ Եվ ես դա արեցի առանց երկմտելու. մենք հավատարիմ ենք ցանկացած մշակույթը հարգելու սկզբունքին», — ասել է նա։

Արդյունքում նորապսակներն ամուսնացել են Սիդնեյի հայկական եկեղեցում։