Արմավիրում 55-ամյա վարորդը խմած վիճակում վրաերթի է ենթարկել հոգեհանգստի մասնակիցներին. 1-ը տեղում մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց


Արմավիրում  55-ամյա վարորդը խմած վիճակում վրաերթի է ենթարկել հոգեհանգստի մասնակիցներին. 1-ը տեղում մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց
Հունվար 4 22:15 2018

Այսօր՝ հունվարի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ալեքսան Մկրտչյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 39-ամյա Գրետա Ղուկասյանին, 41-ամյա Իռա Շահնազարյանին, 49-ամյա Սուսաննա Գրիգորյանին և 45-ամյա Նաիռա Աղաջանյանին, գրում է shamshyan.com -ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Ս. Գրիգորյանը, Գ. Ղուկասյանը, Ի. Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ Ն. Աղաջանյանը տեղում մահացել է։ Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CBS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։ 

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը մեքենան այնքան արագ է վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նա և վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։