Փոփոխությունների մեկնարկը տրված է. ո՞վ է հաջորդը


Փոփոխությունների մեկնարկը տրված է. ո՞վ է հաջորդը
Հունվար 2 20:44 2018

Հայաստանի իշխող համակարգում կադրային ու կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Դեռ տարեվերջին տրվեց փոփոխությունների մեկնարկը: Մասնավորապես մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել: Սույն տեղեկատվությունն իհարկե պաշտոնապես չի հաստատվել, սակայն հակառակի մասին եւս չի հայտվել, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ Աշոտ Մանուկյանը իսկապես հեռացել է պաշտոնից: Նախարար Մանուկյանին այդ պաշտոնում նշանակել է Կարեն Կարապետյանը: Կառավարությունում Կարապետյանի թիմակիցների թիվը առանց այն էլ քիչ է, եւ Մանուկյանի հեռացումը զգալիորեն կարող է թուլացնել Կարապետյանի ազդեցությունը գործադիր մարմնում:

Կարեն Կարապետյանը՝ փեսային, ով նույն նախարարության փոխնախարարն էր ամեն գնով նախարար նշանակելու ջանքերը ապարդյուն են անցել: Տեղեկությունների համաձայն նոր նախարար է նշանակվելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով տարիներ առաջ էներգետիկայի փոխնախարար է եղել:

Միեւնույն ժամանակ Կարապետյանի թիմակիցների հեռացումը չի սահմանափակվելու միայն Աշոտ Մանուկյանով: Մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկ է արվելու նաեւ գյուղատնտեսության գործող նախարար Իգնատի Առաքելյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Վերջինիս պոստին էլ նշանակվելու է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: Նշենք, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Արման Սահակյանի ղեկավարած կառույցը՝ Պետգույքի կառավարման վարչությունը եւ Անշարժ գույքի կադաստրի պետական, որը ղեկավարում է Մարտին Սարգսյանը միավորվելու են Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, որի նախարար էլ կնշանակվի Արման Սահակյանը:

ՀՅԴ-ից լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում չէին բացառել, որ նախարարակական պորտֆելների փոփոխություն է լինելու: ՀՅԴ-ն կպահպանի իր երեք պորտֆելները, սակայն կլինեն փոխատեղումներ, ինչպես եղավ նախորդ կառավարության ձեւավորման ժամանակ:

Կադրային ու կառուցվածքային փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվելու: Մարզային ու քաղաքային իշխանություններում հնարավոր վերադասավորումներին կանդրադառնանք առաջիկա մեր հրապարակումներում:

Փայլակ Ֆահրադյան