Պոլիտկոռեկտ. Հետահայացք 2017-ի քաղաքական գործիչների քաղաքական մտքերին


Պոլիտկոռեկտ. Հետահայացք 2017-ի քաղաքական գործիչների քաղաքական մտքերին
Դեկտեմբեր 31 13:11 2017

2017-ին հայաստանյան ներքաղաքական կյանքում քաղաքականացված մտքերի պակաս չզգացվեց։ Հակառակը քաղաքական շատ գործիչներ իրենց քաղաքական հայացքների հիմքում ընկած տեսակետները ներկայացնում էին «Ես ասում են այն, ինչը վախենում են ասել մյուսները» սկզբունքով։ Խոսքը՝ քաղաքական գործչի կարևոր զենքն է։ Սա պետք է հիշել։ Հետագայում՝ 2018-ին․․․

Armday.am-ն առանձնացրել է 2017-ի ընթացքում աչքի ընկած քաղաքական հայտարարությունները և գտել դրանց «հնարավոր» պատճառահետևանքային կապը։

***
«Հանգստյան օրերը շատ չէի՞ն։ Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե լուծում գտնենք»։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ի հունվարի 12-ին արտաբերեց այս միտքը։ 2017-ի դեկտեմբերի 14-ին Կառավարությունը հավանության արժանացրեց «Տոների և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ 2019 թվականից սկսած, հունվարի 3-ը, 4-ը և 5 կլինեն աշխատանքային օրեր:

***

«Ես բացում եմ քաղաքական գործունեության փակված էջն ու մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք։ Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»։

Հունվարի 17-ին տեսաուղերձով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքական արենա վերադառնալու և քաղաքական այլ ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Միա՞յն Խորհրդարանական ընտրությունների շրջանակում, թե՞ առհասարակ։ Հարցը հռետորական է։ Ինչևէ...

Դեկտեմբերի 18-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց «Ծառուկյան» խմբակցությանն Արտակ Զեյնալյանի՝ 2018 թվականի նախագահի թեկնածությունը սատարելու համար:

Դեկտեմբերի 27-ին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր,- «Մինչև թեկնածուի անուն-ազգանուն հրապարակելը՝ տեղին կլիներ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ քննարկել այս հարցը և ներկայացնել, որ նման օրակարգ ձևավորելու ցանկություն կա: Բացի այդ, «Ելք» դաշինքը իրավական դաշտում էլ բավարար ձայներ չունի, որպեսզի թեկնածու ներկայացնի: Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը 3 անգամ ավելի մեծ խմբակցություն է և բավարար 27 ձայնն ունի սեփական թեկնածուին ներկայացնելու համար»։«Ելք»-ի ու «Ծառուկյան» խմբակցության համագործակցությունը կստացվի՞, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ:

***

«Մի բան կարող եմ ասել հաստատ․ եթե ժողովուրդը մեզ տվեց իշխանափոխության մանդատ, իշխանափոխություն չի կարող տեղի չունենալ»։

Փետրվարի 10-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում նման հրապարակում էր արել Նիկոլ Փաշինյանը՝ այն ներկայացնելով որպես հրապարակային պարտավորություն։ Դեկտեմբերի 6-ին 2018-ի պետական բյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների իրենց ուղղված հարցադրումներին պատասխանելով [թոշակները խի՞ չեք բարձրացնում, էս երկիրը խի՞ երկիր չեք սարքում] հայտարարել էր,- «ՀՀ հարգելի քաղաքացիներ, չենք անում շատ պարզ պատճառով, որովհետև դուք 10 հազար դրամը վերցրել եք և քվեարկել եք՝ հանուն ձեր աղքատության շարունակականության: Սա ձեր ընտրության արդյունքն է: Վայելե՛ք: Դուք լավ չե՛ք ապրելու: Որ պահին դուք լավ ապրեցիք, այս իշխանությունը դադարելու է գոյություն ունենալ»:

***

«Ու կտեսնեք ամենաակուռատնի ընտրությունները կլինեն մեր մոտ։ Մենք բոլորս էլ թողել ենք ժողովրդի հայեցողության վրա, ով ում ինչքան ձայն կտա՝ կտա»։

Փետրվարի 13-ին ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը Tert.am-ին տված հարցազրույցում խոսել էր Խորհրդարանական ընտրությունների ընթացքի մասին և արտահայտել այս միտքը։ Մարտի 15-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Ծաղկալանջ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ գյուղի երիտասարդներից մեկն ասել էր, որ գյուղի քվեների մեծ մասը պատկանում է Մովսիսյանին, ինչին պատգամավորն արձագանքել էր,- «Տո որ ուզում ես իմանաս՝ լրիվ էլ պետք ա տաք»։

***

 

«Օպերայի վրա չէ, օպերայում։ Նաև տանիքում, այո։ Ոչ միայն ռեստորան»։

Ապրիլի 5-ին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան կառուցելու մասին։ Դեկտեմբերի 25-ին ասուլիսի ընթացքում Ամիրյանը նշել էր, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, թե որ ընկերությունների ու կազմակերպությունների հետ են համագործակցելու:Ամիրյանը հույս էր հայտնել, որ«Օպերայի վրա չէ, օպերայում»ռեստորան բացելու ծրագիրը կյանքի կկոչվի 2018-ին։

***

«Ես մանկաբույժ եմ և գիտեմ ինչպես վարվել չարաճճիների հետ»։

Մայիսի 18-ինդեռ ԱԺ նախագահի թեկնածու համարվող Արա Բաբլոյանն [այժմ՝ ԱԺ նախագահ] արձագանքել էր, թե ի՞նչ էր անելու, եթե պատգամավորներն իրենց չարաճճի պահեին։ Դեկտեմբերի 21-ին խորհրդարանի վերջին նիստը նշանավորվեց ընդմիջումներով։ Խորհրդարանում 20 րոպե տևողոթյամբ 11 ընդմիջում էր հայտարարվել, որոնցից 10-ը վերցրել էր ԵԼՔ խմբակցությունը[այդ կերպ արտահայտելով իր դժգոհությունը Դատական օրենսգրքի նախագծի ընդունման հետ կապված], 1-ը՝ Դաշնակցություն խմբակցությունը։Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն ԵԼՔ-ի 20 րոպեանոց ընդմիջումների քայլը բնորոշել էր «Մի հատ Նիկոլ ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուրկուռի ձագ» արտահայտությամբ: Իսկ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ մեկնաբանել էր,- «Սխալ չի անում[Արա Բաբլոյանը], բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ, բացի օրենսդրությունը, կա նաև տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը»։

***

«Ասում ենք՝ երեք տարին մեկ հանգստացեք Հայաստանում։ Դուք կհանգստանաք, մենք կհարստանանք»։

Հունիսի 30-ին Ազգային ժողովում 2016թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման միտք էր արտահայտել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքում ապրող հայերի Հայաստան այցելելու անհրաժեշտության մասին։ Նույն ամսում ՀՀ նախարարները Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին էին ներկայացրել տվյալներ՝ իրենց ունեցվածքի վերաբերյալ:Armtimes.com -ի փոխանցմամբ, Հրանուշ Հակոբյանն ունի երկու բնակարան, մեկ՝ ավտոտնակ եւ հողամաս: Նախարարի դրամական կարողությունները 2 մլն դրամ է:

***

«Եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում և դրական էներգիա է ստանում։ Կողմ եմ այդքան եկեղեցիների կառուցմանը։ Միակ, ամենաճիշտ ներդրումը ՀՀ-ում եկեղեցի կառուցելն է»։

Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը[Համաձայն որի՝ հայերը կառուցել են 6.5-8 հազար եկեղեցի, ինչի համար այսօրվա գներով ծախսել են $80 մլրդ, բացի դա տարեկան 2% ամորտիզացիայի հաշվարկով և եկեղեցիների միջին տարիքը 700 տարի համարելով 1700 տարվա համար ստացվում է $1.12 տրլն։]Էդուարդ Շարմազանովը նման հայտարարություն էր արել։ 2017-ի հունվարի 11-ին «Հետք»-ում հրապարակվել էր հոդված՝ համաձայն որի 1991-ից հետո Հայաստանի ու Արցախի 12 թեմերում կառուցվել է 100 եկեղեցի: Այսինքն՝ միջինումԱնկախության 25 տարիներին կառուցվել է տարեկան 4 եկեղեցի: Անկախությունից հետո Հայաստանում ու Արցախում եկեղեցաշինության (նորակառույց եկեղեցիներ, մատուռներ) վրա ծախսվել է ավելի քան 50 մլն դոլար (նվազագույնը):

***

«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում։ Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույնն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»։

Դեկտեմբերի 8-ին Factor.am-ի հետ զրույցում Խոսրով Հարությունյանը փորձել էր նման հայտարարությամբ պարզաբանել ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի դեկտեմբերի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցը։ [Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից:] ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացված տվյալների համաձայն՝մեր հանրապետությունում նվազագույնսպառողական զամբյուղի արժեքն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 56.918.7 դրամ, երկրորդ եռամսյակում՝ 59․792.5 դրամ, իսկ երրորդ եռամսյակում 55 հազար 591.9 ՀՀ դրամ։

***

«Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»։

Դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նման միտք էր արտահայտել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողների ՀՀԿ-ում վարչապետի հնարավոր թեկնածուի մասին քննարկումներ լինել-չլինելու հարցին։ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արտակ Ալեքսանյանի «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ժամանակ այդպես էլ չէր պատասխանել հարցին, թե 2018 թվականի ապրիլից հետո որտե՞ղ է իրեն պատկերացնում՝ ասելով, որ դեռ որոշում չկա, թե ինչ պաշտոնում կշարունակի իր քաղաքական կարիերան։ Ապա` հաջորդ ճշտող հարցին ի պատասխան՝ ասել էր՝ ինչպես կորոշենք բոլորս միասին միաժամանակ։Դեկտեմբերի 27-ին ամփոփելով 2017 թվականը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուրադ Շարմազնովը նշել էր․ «Նա[Սերժ Սարգսյանը] շարունակելու է լինել մեր քաղաքական առաջնորդը»։

Ամփոփեց`  Ալինա Նահապետյանը 

Armday.am