Սթափվեք. Կեթաս, մարդուդ տենց կասես. Երեւանի ավագանու նիստը թեժ ընթացք ստացավ


Սթափվեք. Կեթաս, մարդուդ տենց կասես. Երեւանի ավագանու նիստը թեժ ընթացք ստացավ
Դեկտեմբեր 26 12:42 2017

Երեւանի քաղաքապետարանն այսօրվա նիստում որոշում կայացրեց ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին եւ Հրանտ Աղաբեկյանին բնակարաններ տրամադրել: Այս որոշումը Երեւանի ավագանին բացատրեց նրանով, որ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում: Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բերեց այն փաստը, որ Ապրես Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանն հաստատ հանրապետական է: «Մենք ոչ թե անձին ենք դեմ, այլ այս ապօրինի ընթացակարգին: Միայն այս նիստին 250 հազար դոլար է տրամադրվել բյուջեից այս մարդկանց բնակարան տրամադրելու համար»,-նշեց նա:

Ազատամարտիկ Հրանտ Աղաբեկյանին բնակարան տրամադրելու դեպքում էլ խմբակցությունը նույն փաստարկները բերեց. «Կոռուպցիոն ռիսկ կա, այս անձը իշխանության արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից մեդալ է ստացել»,-հայտարարեց Մարինա Խաչատրյանը: Սոնա Աղեկյանն էլ հիշեցրեց այս պահին կալանավայրում գտնվող ազատամարտիկներին՝ Սամվել Բաբայանին, Ժիրայար Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին, դիմեց ավագանու անդմաներին. «Սթափվեք, Երեւանի ավագանու անդամներ»: Այս կոչը հանրապետաաններին կրկին հունից հանեց. «Կեթաս, մարդուդ տենց կասես»,-Սոնա Աղեկյանին դիմեց Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանը:

Ազատամարտիկներին բնակարան տրամադրելու երկու որոշումներն էլ ընդունվեցին, դեմ քվեարկեց միայն «Երկիր Ծիրանին»: