Այսօր կորոշվեն Հայաստանի տասը լավագույն մարզիկները


Այսօր կորոշվեն Հայաստանի տասը լավագույն մարզիկները
Դեկտեմբեր 25 14:01 2017

Թեման պարզաբանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը
Տարվա 10 լավագույն մարզիկներին, իրենց սահմանած որոշակի չափորոշիչներով, որոշել են միայն մարզական լրագրողները: Սակայն նրանց կատարած ընտրության արդյունքները, հատկապես վերջին տարիներին, հանրության կողմից միանշանակ չի ընդունվել և տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: Հասունացել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության ընթացակարգը ավելի թափանցիկ ու արդար դարձնելու անհրաժեշտությունը: Այդ պատճառով, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, որին մասնակցել են ՀԱՕԿ-ը և ազգային ֆեդերացիաները, դեռ գարնանից բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել: Արված առաջարկությունները քննարկելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովը շուրջ ինն ամսվա ընթացքում բազմաթիվ նիստեր է գումարել և հրապարակի վրա հայտնվել է նոր ձևաչափով փաստաթուղթը:
Առաջին անգամ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությանը նաև հանրությանը մասնակցելու հնարավորություն ենք տվել: Յուրաքանչյուր մարզասեր, քաղաքացի կարող է sms հաղորդագրությամբ ընտրել իր նախընտրած մարզիկին, իսկ նախարարությունում քվեարկությանը մասնակցելու համար հավատարմագրված մարզական լրագրողներից յուրաքանչյուրը բաց քվեարկությամբ հանձնաժողովին և հանրությանն է ներկայացնելու լավագույն տասնյակի իր տարբերակը: Հանձնաժողովը հրապարակայնորեն համադրելու է մարզասերների եւ լրագրողների քվեարկության արդյունքները, որոնց հանրագումարով հայտնի են դառնալու համընդհանուր քվեարկությամբ ճանաչված 10 լավագույն մարզիկների անունները:
Այստեղ շատ կարևոր երկու նորություն կա՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության չափորոշիչներն են մարզական բարձր նվաճումները և Հայաստանի հանրահռչակման պարագան, որոնք միմյանց փոխլրացնող հանգամանքներ են: Եվ երկրորդ՝ համաձայն կանոնակարգի, չի որոշվում լավագույն մարզիկ, այլ որոշվում են Հայաստանի 10 լավագույն մարզիկները և այդ ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:
Ի դեպ, ո՛չ նախարարությունը, ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ էլ ազգային ֆեդերացիաները քվեարկության գործընթացին չեն միջամտում: Նախարարությունն ընդամենը ազատ, արդար և թափանցիկ քվեարկության համար պայմաններ է ապահովում:
Ինչ վերաբերվում է տարբեր կազմակերպությունների ու լրատվամիջոցների կողմից անցկացվող լավագույն մարզիկների ընտրության այլ մրցույթներին և քվեարկություններին, կարող եմ ասել, որ նման մրցույթներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը: Սակայն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀԱՕԿ-ը պաշտոնապես ճանաչում են միայն նախարարության կազմակերպած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:



loading...