Բարսելոնան առաջին անգամ է Պրիմերայի 3 արտագնա խաղերում անընդմեջ հաղթում Ռեալին


Բարսելոնան առաջին անգամ է Պրիմերայի 3 արտագնա խաղերում անընդմեջ հաղթում Ռեալին
Դեկտեմբեր 23 23:06 2017

Իսպանական Պրիմերայի 17-րդ տուրում «Բարսելոնան» Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հյուրընկալվել է «Ռեալի» կողմից և 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:

Այս կերպ, Իսպանիայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ է «Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթում «Ռեալին»` 3 մրցաշրջանում անընդմեջ:

Հիշեցնենք` հանդիպման հաշիվը խաղի 54-րդ րոպեին բացել է Լուիս Սուարեսը: 9 րոպե անց «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը կարմիր քարտ է ստացել սեփական տուգանայինում ձեռքով խաղալու համար և հեռացվել է խաղադաշտից: Լիոնել Մեսսին անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը, իսկ կապտանռնագույնների կազմում երրորդ գոլը հեղինակել է Ալեյշ Վիդալը, որն աչքի է ընկել հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 45 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 31 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: