Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը


Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը
Դեկտեմբեր 23 19:28 2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացված Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը: Ընդունելությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, գիտության, արվեստի և մշակույթի հայազգի և ռուս գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին Մոսկվայում Երևանի օրերի անցկացման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ջերմ հյուրընկալության համար:
Պաշտոնական ընդունելության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի և Մոսկվայի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման, հեռուստատեսության բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևով`«Արգիշտի առաջին» մեդալով է պարգևատրել հայտնի հեռուստահաղորդավար, «Քոմեդի քլաբ» նախագծի համահիմնադիր Գարիկ Մարտիրոսյանին:
Երևանի և Մոսկվայի միջև հաստատված համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Անդրեյ Չիժովին պարգևատրել է Երևանի քաղաքապետի հուշամեդալով:
Ս.Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցի տնօրեն Սվետլանա Բոբրովան, Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը, «Հայաստանի գույներ» ժողովրդական պարի համույթի գեղարվեստական ղեկավար Հայկ Սահակյանը և «HAYORDIK» հայկական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագրի հետ կապված իրենց տպավորությունները կիսելով Երևանի քաղաքապետի հետ, հյուրերն առանձնակի կարևորել են արդեն հաճելի ավանդույթ դարձած նախաձեռնությունն ու նկատել, որ այն դարձել է սիրված ու սպասված ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ՌԴ մայրաքաղաքի բնակիչների համար: