ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունն անակնկալ չէր. Շարմազանով


ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունն անակնկալ չէր. Շարմազանով
Դեկտեմբեր 22 23:00 2017

Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մնում է բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ընդունված մարդու իրավունքների ոտնահարման բանաձևին:

«Հայաստանը, որպես մի պետություն, որը ինքն է ներառված բանակցյաին գործընթացում, չի կարող տեսնել որևէ խնդրի լուծում առանց բանակցությունների, առանց երկու կամ միջնորդ կողմերի միջև ծավալուն քննարկումների», - ասաց Է. Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ասաց, որ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումից:

«Մենք չպետք է մոռանանք, որ Երուսաղեմում ունենք շատ լուրջ հոգևոր ներկայություն, ունենք համայնք ու այդ իմաստով մեր քվեարկությունը տրամաբանական էր ու բոլոր այն գնահատականները, թե, իբր, Հայաստանը կարող էր չմասնակցել քվեարկությանը, դրանք չէին բխում ոչ խնդրի կարգավորման տրամաաբանությունից, ոչ էլ Հայաստանի շահերից», - ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ ՀՀԿ-ն այն կարծիքին է, որ քվեարկությունը եղել է՝ առաջնորդվելով ոչ թե այս կամ այն պետության դեմ կամ օգտին, այլ առաջնորդվելով ՀՀ պետական ու հայության ազգային շահերով:

Ինչ վերաբերում է Ղրիմին՝ ՀՀԿ խոսնակն ասաց՝ Հայաստանն, ունենալով բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ անգամ կարևորել է ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը:

«Եվ այդ իմաստով մենք չենք կարող ու չպետք է անենք քայլեր, որոնք կվնասեն ինքնորոշման իրավունքին», - ասաց Է. Շարմազանովը:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը 128 կողմ, 35 ձեռնպահ ու 9 դեմ ձայներով հաստատեց բանաձևը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:

Ընդունված բանաձևում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը՝ շեշտելով, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում չունի իրավական ուժ:

Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին: