Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին


Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին
Դեկտեմբեր 23 00:01 2017

Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավորարարողություն:
Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել աշխատանքում բարձր արդյունքներ գրանցած համակարգի մի խումբ ներկայացուցիչների:
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկան մեր տնտեսության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է երկրի դինամիկ զարգացումը եւ հավելել, որ պետության ռազմավարությունն այստեղ ուղղված է էներգետիկ հնարավորությունների ընդլայնմանը, սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ ինքնաբավության ապահովմանը:
<<Էներգետիկայի ոլորտը նաեւ մեր տնտեսության ամենաազատականացված բնագավառներից է, որտեղ ակտիվորեն ներգրավված են պետական ու մասնավոր հատվածները, առկա են շոշափելի ներդրումային հոսքեր Մայր Հայաստանից եւ սփյուռքից: Այսպիսով՝ էներգետիկայի ոլորտը ներհայկական տնտեսական կապերի ամրապնդման հաջողված կոնկրետ օրինակներից է>>,- նշել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի անել հնարավորը ոլորտի զարգացման եւ էներգետիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: