Վարչապետի զգուշացումն ուղղված չէր ֆինանսների նախարարությանը. Արամյան


Վարչապետի զգուշացումն ուղղված չէր ֆինանսների նախարարությանը. Արամյան
Փետրվար 9 13:41 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի զգուշացումը՝ վարչական լծակները քարոզչական նպատակներով չօգտագործելու մասին, ուղղված չէր ֆինանսների նախարարությանը: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ոչ մի բանով դա ինձ չի վերաբերում: Դրա մասին պետք է հարցնեք պարոն Կարապետյանին: Ես կարծում եմ, որ դա ուղղակի հորդոր էր, որպեսզի նախապես, քանի որ թևակոխելու ենք նախընտրական ժամանակահատված, որպեսզի չլինեն անհարկի չարաշահումներ, որ ինչ-որ մեկը փորձի դա օգտագործել և ի վնաս լինի, ոչ թե ի նպաստ որևէ կուսակցության, որովհետև արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել նման նպատակի համար: Դրա համար նախապես հորդոր եղավ՝ նման բաներով չզբաղվել»,-ասել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ դա ֆինանսների նախարարությանը չէր ուղղված

Նա նշեց, որ իրենք ֆինանսների նախարարության աշխատողներին չեն հորդորում քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում, մինչ հանձնարարականներին և օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գերատեսչությունների ղեկավարներին՝ ասելով, որ անթույլատրելի է ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործել քարոզչության համար:

«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն «արջի ծառայություններ» են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին», – նշել էր նա:



loading...