ՊԵԿ-ը կանխել է դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը


ՊԵԿ-ը կանխել է դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը
Փետրվար 9 13:35 2017

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել: Աւյս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փետրվարի 1-ին Մեղրիի մաքսակետով «Կուպելյան եղբայրներ» ՍՊԸ-ն փորձել է Հայաստան ներմուծել ավելի քան 13 տոննա տարբեր տեսակի առանցքակալ, որոնց ուղեկցող փաստաթղթերում որպես արտահանող երկիր նշված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները:

«Այս փաստը հենց սահմանին կասկածի տեղիք է տվել, քանի որ ԱԷՄ-ում նմանատիպ առանցքակալների արտադրություն գոյություն չունի, և համապատասխան զննության արդյունքում պարզվել է, որ բեռի ծագման երկիրը Չինաստանն է, իսկ չինական առանցքակալները հանդիսանում են դեմպինգային ապրանքատեսակ»,- փաստել է ավագ մաքսային տեսուչ Սամվել Հովեսյանը:

Նշենք, որ ԵՏՄ անդամ երկրներ չինական ծագման առանցքակալներ ներմուծելիս կիրառվում են հակադեմպինգային միջոցառումներ, որոնք կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 197 որոշմամբ, այսինքն` այս դեպքում մաքսային վճարներին ավելանում է նաև մաքսային արժեքի 41,5%-ը:

Ի դեպ, զննության արդյունքում հայտնաբերվել է նաև, որ առանցքակալների շուրջ 60%-ը հայտարարագրվել է սխալ ծածկագրով, ինչն էլ մաքսատուրքի թերի գանձում է առաջացրել: