Մարաշլյան ֆոտոստուդիայի կողմից հրապարակված լուսանկարի շուրջ զարգացած իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն


Մարաշլյան ֆոտոստուդիայի կողմից հրապարակված լուսանկարի շուրջ զարգացած իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն
Հունվար 9 18:24 2017

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան ուշադրությամբ հետևում էր վերջին օրերին «Մարաշլյան» ֆոտոստուդիայի կողմից հրապարակված լուսանկարի շուրջ քննարկումներին։ Հրապարակված ընտանեկան լուսանկարի առանձնահատկությունը նրանում է, որ դրանում պատկերված է սպիտակամաշկ կին (ենթադրաբար՝ ազգությամբ հայ) և սևամաշկ տղամարդ իրենց երեխայի հետ, հայկական տարազային հագուստով։

Կոալիցիան ցավով է արձանագրում, որ լուսանկարը նման իրարանցում առաջացրեց Հայաստանի հանրության շրջանում։ Իսկ այդ իրարանցումը և ատելության հարող կարծիքները պատճառ հանդիսացան լուսանկարը ֆոտոստուդիայի կայքէջից հեռացնելու համար, ինչը նման կարծիքներ արտահայտած անձինք որակեցին որպես հաղթանակ։

Կոալիցիան ցավով է արձանագրում, որ այս իրավիճակը նաև առիթ հանդիսացավ հանրության մեջ անձի ազատ ամուսնության իրավունքի իրացման հնարավորությունները քննադատելու համար։ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան արձանագրում է, որ.

այս իրավիճակը ռասայական և ազգային պատկանելության հիմքով խտրականության դասական դրսևորում է.

ռասայական և ազգային պատկանելության հիմքով խտրականությունը մարդկության պատմության մեջ հանգեցրել է աղետալի դեպքերի`ցեղասպանությունների, էթնիկ զտումների և այլն․

ժամանակակից մարդկությունը երկար տարիներ առաջ որդեգրել է խտրականությունից զերծ մնալու սկզբունքը անձի արժանապատվության և ազատ ընտրության իրավունքի իրացումը լիարժեք ապահովելու համար։ Ամուսնության իրավունքի հնարավոր սահմանափակումները իրենց հերթին սահմանված են ՀՀ օրենսդրությամբ։

Կոալիցիան՝ քննադատում է խտրականության ցանկացած դրսևորում՝ ներառյալ առցանց հարթակում.

հիշեցնում է, որ անձի արժանապատվության, կամքի ազատ դրսևորման, խտրականությունից զերծ մնալու իրավունքի պաշտպանությունը հիմք են քաղաքակիրթ հասարակության ձևավորման համար, և այս արժեքները պաշտպանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ.

կոչ է անում անձանց արժանապատվությունը նվաստացնող, խտրական արտահայտություններով հանդես եկող անհատներին զերծ մնալ նման վարքագծից, իսկ այս իրավիճակից տուժած անձանց ձեռնարկել իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական գործընթացներ։

Կոալիցիան նաև կոչ է անում պետական կառավարման մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին արձագանքել խտրականության նման դրսևորումներին և իրենց լիազորությունների շրջանակներում ձեռնարկել համապատասխան գործողություններ։

Կոալիցիայի վերաբերյալ՝ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։

Կոալիցիայի անդամներ՝

Կայքէջ՝ www.havasar.am
«Ագաթ» ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Հանուն Հավասար իրավունքների» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
Վահան Բուրնազյան
Անահիտ Չիլինգարյան