Ովքեր են խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ բացակայող պատգամավորները


Ովքեր են խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ բացակայող պատգամավորները
Դեկտեմբեր 12 14:27 2017

Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը դեկտեմբերի 5-8-ը կայացած հերթական քառօրյայով ավարտեց աշխատանքը: Խորհրդարանի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի արդեն հաջորդ տարվա փետրվարին, իսկ մինչ այդ ներկայացնում ենք 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատ աչքի ընկած, ամենաակտիվ, ինչպես նաև նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորները ընդդմիադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններից են: Ամենաակտիվ պատգամավորը «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն է, ով 82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել:
Նրան հաջորդում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը. նա 59 անգամ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է:
Նույնքան հարցով և ելույթով 5-րդ հորիզոնականում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն է:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ:
Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:
Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:
Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը:
Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:
Ամենաշատը ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն: Նստաշրջանի ընթացքում ամենաշատն ընդունված նախագծերը վերաբերվել են պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին:
Համապատասխան հանձնաժողովն անցած նախագծերը կազմում են ընդունված օրինագծերի 34 տոկոսը: 6.8 տոկոս կազմել են ֆինանսավարկային, 2.9 տոկոս տարածքային կառավարման, 1.9 տոկոսն արտաքին հարաբերությունների, 8.7 տոկոսը հանրային հարցերի, 7.8 տոկոսը պաշտպանության, 9.7 տոկոսը տնտեսական, 9.7 տոկոսը հարկային, 8.7 տոկոսը՝ սոցիալական, 1 տոկոսն առողջապահության, 1 տոկոսը՝ գիտության, 1 տոկոսը կրթության, 2.9 տոկոսը գյուղատնտեսության, 3.9 տոկոսը՝ բնապահպանության ոլորտներին վերաբերվող նախագծերը:



loading...