Գետինը մտնեն. Սարոյանը՝ գող համայնքապետերի եւ թանկացումների մասին


Գետինը մտնեն. Սարոյանը՝ գող համայնքապետերի եւ թանկացումների մասին
Դեկտեմբեր 12 12:07 2017

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր եկել էր խորհրդարան: Հիշեցնենք, որ պայմանավորված առողջական խնդիրներով Սարոյանը տեւական ժամանակ է չէր մասնակցում ԱԺ նիստերին: Նա պատասխանեց լրագրողների որոշ հարցերի: 

Լրագրողները Սարոյանից հետարքրվեցին Սերժ Սարգսյանի ելույթից ուղղված համայնքապետերին: Հիշեցնենք, որ Սարգսյանը ՏԻՄ-երի խորհրդաժողովի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետ համայնքապետերի թալանը չի ներվելու և ամոթ է, որ համայնքի փողերը տուն են տանում: «Ճիշտ ա ասում նախագահը»,- հայտարարեց Սարոյանը: Լրագրողներից մեկի  հարցին` նա միջնորդե՞լ է, որևէ համայնքապետի համար, նա ասաց. «Տենց առիթ չի եղել»: Հարցին` շա՞տ են թալանել համայնքապետերը, նա արձագանքեց. «Ի՞նչ իմանամ, ես ռևի՞զոր եմ, հենա Զաքարյան Իշխանից հարցրեք»:

Դիտարկմանը` Սարոյանը միշտ բարձրաձայնել է համայնքների խնդրի մասին, հարցին էլ հիմա թալան կա՞, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Նախագահը, որ մի բան ասում է, ուրեմն գիտի, որ ասում է: Ասեց չէ՞, որ ինչ-որ մի տեղ նոր ենք, նոր ենք վերականգնվում: Կարողա թերություն ա, ճիշտ չծախսել է: Էսօր մեր համայնքապետերը ո՞նց են ընտրվում, իրենց ազգությունը շատ է լինում, դառնում էին գյուղապետ, էդ փողերը ծախսում էին ոչ թե նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին, հիմա խնդիրը ոչ թե գողանալն էր, ճիշտ չեք հասկացել նախագահին, այլ փոշիացնելը, էդ փողերը չի կարելի փոշիացնել»: Դիտարկմանը` Սարգսյանը շեշտել է, որ գումարներն էլ տուն չեն տարվելու, ասաց. «Դե բա փոշիացնում ա, մի բան էլ պետք ա տուն տանի»:

Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա Սարոյանն ասաց. «Դե որ ամոթ ունենան էդ թանկացողները չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ, ինչ ուզում է լինի»:

Իսկ թե ո՞րն է պատճառը, որբ չի մասնակցում Պաշտպանության հանձնաժողովի նիստերին, Սարոյանը կրկին նշեց, որ հիվանդ է եղել, ապա հավելեց. «Կորյունին շատ ենք սիրում, կմասնակցենք այսուհետ»: