Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է․ «Ժամանակ»


Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է․ «Ժամանակ»
Դեկտեմբեր 12 08:18 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով դատական նախավերջին նիստի ժամանակ հրապարակվեց Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի զրույցի գաղտնալսման տեքստը, տրամաբանական էր ենթադրել, որ դրան արձագանքելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որովհետեւ եթե հավատանք Շիրխանյանի ասածներին, ապա Օհանյանն առնվազն տեղյակ է եղել զինված խմբի գործունեության մասին ու նույնիսկ որոշակի աջակցություն է խոստացել նրան, այլ խոսքով՝ մասնակից է եղել Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող խռովությանը:

Սակայն Սեյրան Օհանյանը լռում է, ու ինչպես ժամանակին Շիրխանյանն է զինված խմբի ղեկավարին փոխանցել Սեյրան Օհանյանի աջակցության խոստումը, այնպես էլ հիմա Ազատ Արշակյանն է մեզ տված հարցազրույցում փոխանցել գեներալի կարծիքը: «Սեյրան Օհանյանը միայն ասաց՝ «տես, ուր են հասել, բայց այդքան ցածր կարելի՞ է իջնել»»,- ասել է Արշակյանը:

Իհարկե, մի փոքր անհասկանալի է, թե ում «ցածր իջնելու» մասին է խոսում Սեյրան Օհանյանը, որովհետեւ «խռովության» մասնակից նրան «դարձրել» են ոչ իշխանությունները, այլ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը: Իշխանությունները, հակառակը, «մեծահոգություն» են ցուցաբերել եւ Օհանյանին չեն «հիշել» ոչ նախաքննության եւ ոչ էլ դատավարության ժամանակ:

Կասկածից վեր է, որ այս թեմայով Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է որոշակի հանգամանքներից ելնելով: Պարզ է, որ այս ձայնագրության մասին Սերժ Սարգսյանն իմացել է վաղուց, երբ Օհանյանը դեռ նախարար էր, եւ անկասկած նրանից փորձել է պարզել, թե ինչու վերջինս իրեն «տանել չի կարողանում»: Ըստ ամենայնի՝ Սարգսյանն ու Օհանյանն իրար հասկացել են ու պայմանավորվել են թեմային ընթացք չտալ երկուստեք: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի թիկունքում կանգնած ռուսական շրջանակներն են «ջրել» թեման: Հենց դրա համար էլ Սեյրան Օհանյանն առայժմ լռում է, սակայն ունի մտավախություններ, որ Սերժ Սարգսյանը կարող է պայմանավորվածություններ խախտել, ինչի հետեւանքով ինքը կարող է իրավական խնդիրներ ունենալ, ու դրա համար էլ երրորդ մարդու միջոցով ակնարկում է ոմանց «ցածր իջնելու» մասին:

Սեյրան Օհանյանը փառահեղ կենսագրություն ունեցող զինվորական է, Արցախի հերոս, սակայն որպես հրապարակային գործիչ այդպես էլ չի կարողանում հաղթահարել ստվերում մնալու բարդույթը: ՊՆ-ում նա Սերժ Սարգսյանի, անգամ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ստվերում էր, ՕՐՕ-ում՝ Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի: Սեյրան Օհանյանը սուբյեկտության խնդիր ունի. նրան հրահանգված է չխոսել, ու նա լռում է, եւ, ըստ ամենայնի, հասարակությունն այդպես էլ անտեղյակ կմնա զինված խմբի գործունեությանը նրա ունեցած-չունեցած առնչության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում