Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին


Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին
Դեկտեմբեր 11 18:15 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել դեսպանի կատարած աշխատանքից եւ կարեւորել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացումը, հատկապես` տնտեսական ոլորտում: Կառավարության ղեկավարը կարեւորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի դերը՝ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման համատեքստում, հաշվի առնելով նաեւ Հայաստանի միջոցով Եվրասիական եւ իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունները:

Դեսպանն ընդգծել է, որ մեր երկրից հեռանում է լավագույն հիշողություններով եւ վստահեցրել, որ հետագայում եւս կփորձի նպաստել հայ-ռումինական կապերի ամրապնդմանը: Պարոն Վասիլեն նշել է, որ հետեւում է ՀՀ կառավարության գործունեությանը, վերջին շրջանում նկատվող տնտեսական հաջողություններին եւ համոզմունք հայտնել, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա համագործակցության լավ հարթակ դառնալ ԵԱՏՄ-ի եւ եվրոպական երկրների միջեւ: Դեսպանի խոսքով` հայկական ապրանքները, հատկապես, գյուղմթերքներն իրենց

որակով մեծ հնարավորություններ ունեն մուտք գործելու ռումինական շուկա, ինչի ուղղությամբ իրականացվում է հետեւողական աշխատանք:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը Սորին Վասիլեին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: