Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացում` Նոյեմբերյանում


Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացում` Նոյեմբերյանում
Դեկտեմբեր 11 15:57 2017

Ս.թ. դեկտեմբերի 11-ին Նոյեմբերյանում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:

Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը (տեսաուղերձ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը, ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

2015թ-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել են տասներեք գրասենյակներ Շինուհայր, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Մեղրի և Վանաձոր համայնքներում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:

Նոյեմբերյանի համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն կապահովի վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով: