Սարգսյանը խոսել է փաստերով․ Շարմազանովը՝ կուսակցապետի աղմկոտ հայտարարության մասին


Սարգսյանը խոսել է փաստերով․ Շարմազանովը՝ կուսակցապետի աղմկոտ հայտարարության մասին
Դեկտեմբեր 11 15:25 2017

ԱԺ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ մինչ այս պահը համայնքապետերի կողմից հանցագործություններն են եղել, որոնք ներվել են Սերժ Սարգսյանի կողմից եւ աչք է փակվել դրանց վրա, ասաց.

«Պարոն նախագահը հստակ տվել է իր գնահատականներն ու հանձնարարականները: Պարոն նախագահի խոսքում հանցագործության մասին որեւէ հաղորդում չկա: Պարոն նախագահը որպես քաղաքական թիմի առաջնորդ, պետության գլուխ, տալիս է նոր իրողություններին եւ մարտահրավերներին ընդառաջ ավելի արդյունավետ կառավարման խնդիր: Գաղտնիք չէ, որ եղել են անարդյունավետ կառավարում, թերացումներ եւ այնպես չէ, որ մարդիկ չեն պատժվել: Պարզապես պարոն նախագահը խոշորացված համայնքներից հետո, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Գյումրիում եւ Վանաձորում ունենք ընտրական նոր մոդել՝ տալիս է հստակ նշաձող: Նրանք, ովքեր պատրաստ չեն այս նշաձողին համապատասխան աշխատեն, ուրեմն անելիք չունեն: Դա չի նշանակում, որ պետական պաշտոնյաները գող ու ավազակ են»,- ասաց Շարմազանովը

Նշենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում հստակ ասում է, թե՝ գիտենք, տեղյակ ենք, թե ինչպես են համայնքապետերը օգտագործում իրենց պաշտոնը եւ մեր բնակչության ունեցվածքը տանում: Հարցին, եթե եղել են նման փաստեր, ապա ինչու՞ մինչ այս պահը քրեական գործեր չեն հարուցվել կամ իսկապե՞ս դրանք ներվել են Սերժ Սարգսյանի կողմից, Շարմազանովն ասաց.

«Քրեական գործեր պետք է լինեն, թե՝ ոչ, դա Ազգային ժողովը չի որոշում: Դա ոչ Ազգային ժողովի փոխնախագահի, ոչ էլ ՀՀԿ-ի խոսնակի գործառույթները չեն: Դրա համար կան համապատասխան իրավապահ մարմիններ եւ համոզված եղեք, որ, եթե նման հիմքեր լինեն, ապա...նախագահի խոսքերի այդ մասը ես չպետք է վերլուծեմ: Նախագահն ինչ ասում է, ասում է հիմքով»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե, եթե Սերժ Սարգսյանը հիմքերով է խոսել, ապա ու՞ր են պատասխանատվության ենթարկված գյուղապետերը, Շարմազանովն արձագանքեց․ «Ես ցավում եմ, որ դուք չեք տեսել, որ եղել են պետական պաշտոնյաներ, որոնք պատժվել են: Այսինքն այս 10-15 տարվա մեջ քրեական գործեր չեն եղե՞լ: Դուք հետեւե՞լ եք: Պարոն նախագահը հանցագործությունը չի ներել, խոսքն անարդյունավետ կառավարման մասին է: Հանցագործությունն ու անարդյունավետ կառավարումը տարբեր բաներ են»:

Բյուջեն թալանել եւ տուն տանելը հանցագործությու՞ն է, թե՞ անարդյունավետ կառավարում: Հարցի պատասխանը ՀՀԿ-ի խոսնակն առաջարկեց իրավապահ համակարգից ճշտել:«Հանցագործությունը լինում է այն ժամանակ, երբ դատարանը տալիս է իր գնահատականը»: