Աշխարհի բնակչության 50%-ն իր կյանքում երբեք իրական ձյուն չի տեսել


Աշխարհի բնակչության 50%-ն իր կյանքում երբեք իրական ձյուն չի տեսել
Դեկտեմբեր 10 20:45 2017

Արարատյան դաշտավայրում տեղաց առաջին ձյունը: Ճիշտ ժամանակ է՝ փորձել ևս մեկ անգամ հիշել այն, ինչ գիտենք մենք ձյան մասին և իմանալ նոր փաստեր:

Հաստատված է, որ աշխարհի բնակչության 50%-ն իր կյանքում երբեք իրական ձյուն չի տեսել: Ուստի, այդ բախտն ունեցողներս, թերևս, ավելի հաճախ ձյան նկարներ հրապարակենք համացանցում:

Համարվում է, որ միևնույն նախշով երկու փաթիլ գոյություն չունի: Ֆիզիկոս Ջոն Նելսոնը վստահեցնում է՝ փաթիլների երկրաչափական ձևերն ավելի շատ են, քանի տիեզերքում առկա ատոմները:

Փաթիլները 95%-ով կազմված են օդից, ինչով էլ պայմանավորված է դրանց սպիտակ գույնը: Մինչդեռ պարզվում է՝ ձյունը ոչ միշտ է սպիտակ լինում: Այն երբեմն բարձրադիր գոտիներում ունենում է վարդագույն կամ կարմիր գույն, ինչը պայմանավորված է մթնոլորտի քիմիական պարունակությամբ:

Շատերն, ովքեր տեսել են կարմիր ձյուն, պնդում են, որ այն ունի ձմերուկի համ:

Ձյան փաթիլի անկման արագությունը 0,9կմ /ժամ է:

Բոլորիս քաջ հայտնի է ձյան խրթխրթոցը, որն առաջանում է դրա վրայով քայլելիս: Պատճառը սառույցի կտորների կոտրվելն է, ուստի որքան ցածր է ջերմաստիճանն, այնքան այդ ձայնը բարձր է հնչում: Ի դեպ, նման ձայն կարելի է ստանալ աղի և շաքարավազի խառնուրդը սեղմելիս: Այդ հնարքից շատ են օգտվում ֆիլմերի նկարահանումների ժամանակ:

և, երևի թե, քչերին է հայտնի, որ կա ձյան համաշխարհային օր: Այն նշվում է հունվարի 19-ին: