Գեղեցիկ հայուհու պատվին կառուցված տաճարն ու դրա պատմությունը


Գեղեցիկ հայուհու պատվին կառուցված տաճարն ու դրա պատմությունը
Դեկտեմբեր 10 15:39 2017

Թաջ Մահալը համաշխարհային ճարտարապետության եզակի նմուշներից մեկն է, որն իր մեջ միահյուսում է հնդկական, իսլամական և պարսկական ճարտարապետական գեղեցիկ տարրեր:

Մեծ մոնղոլների կայսրության տիրակալ Շահ Ջահանը, որը կառավարել է 1627-1658 թթ, այնքան էր սիրում իր կնոջը՝ Մումթազ Մահալին, որ իր հետ տանում էր գրեթե ամեն տեղ՝ մարտերի, պատերազմների, որտեղ կնոջ ներկայություն առհասարակ չէր թույլատրվում: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են 14 երեխա՝ 6 դուստր, 8 որդի, սակայն Մումթազն իրար հետևից թաղել է երեխաներին. կենդանի են մնացել միայն 8-ը՝ 4 տղա, 4 աղջիկ:

14-րդ երեխայի ծննդի ժամանակ, դժբախտաբար, Շահ Ջահանի սիրելի կինը մահանում է: Ըստ լեգենդի՝ մահից րոպեներ առաջ Մումթազը երկու խնդրանք է ուղղում ամուսնուն՝ առաջինը՝ շարունակել հավատարիմ մնալ կնոջը մինչև կյանքի վերջ, երկրորդը՝ կառուցել յուրօրինակ մի շինություն, որը կխորհրդանշի նրանց հավերժական սերը:

Սիրելիի մահից հետո Շահը երկու տարի շարունակ սգո օրեր է հայտարարում, որոնց ընթացքում բացարձակապես արգելվում էին երգեր հնչեցնելը, պարերը, տոնական օրեր նշելը:

1632 թ. Շահ Ջահանը, ինչպես և խոսք էր տվել, սկսում է սիրո խորհրդանիշ կառույցի շինությունը: Պարսկաստանից, Միջին Ասիայից ժամանած լավագույն 22 000 վարպետները միանգամից սկսեցին աշխատանքը:

Թաջ Մահալը կառուցեցին ամբողջությամբ մարմարից: Այն զարդարված է ամենաթանկարժեք քարերով, իսկ կից պարտեզն ունի կատարյալ հատակագիծ: Ըստ բոլոր ժամանակների ուսումնասիրողների՝ Թաջ Մահալի ճարտարապետությունը չունի որևէ թերություն, այն կառուցված է կատարյալ համաչափությամբ. Մումթազ Մահալ դամբարանի նկատմամբ խիստ սիմետրիկ է սրբավայրը: Ամենագեղեցիկն այն է, որ տաճարի դիմաց գտնվող հսկայական լողավազանում արտացոլվում է դամբարանն իր ողջ մեծությամբ:

Շինությունն ունի մոտ 75 մ բարձրություն, հինգ գմբեթ և 4 մինարեթ: Վերջիններս մզկիթներին առընթեր աշտարակներ են, որոնց վրա են բարձրանում մոլլաները՝ հավատացյալներին աղոթքի կանչելու: Յուրաքանչյուր մինարեթ ունի 42 մ բարձրություն: Դրանք կառուցվել են թեքությամբ. նպատակն այն էր, որ քանդվելու դեպքում չկարողանային վնասել տաճարին:

Շահ Ջահանը ցանկանում էր տաճարը, որտեղ պետք է նաև հանգչեր կնոջ մարմինը, կառուցել լավագույն նյութերից: Այդ իսկ պատճառով նա հրամայել էր անհրաժեշտ նյութեր ձեռք բերել ոչ միայն Հնդկաստանից, այլ նաև այլ՝ ասիական երկրներից: Ձյունաճերմակ մարմարը, որից մեծ մասամբ կառուցված է տաճարը, մատակարարվում էր Հնդկաստանում գտնվող Մակրանա քաղաքից և Ռաջաստան շրջանից, թանկարժեք փիրուզը՝ Տիբեթից, լազուրը՝ Աֆղանստանից, հասպիսը՝ Պենջաբի շրջանից, շափյուղան՝ Շրի Լանկայից: Եվ սա դեռ ամենը չէր. ուսումնասիրությունների ընթացքում պարզ է դարձել, որ Թաջ Մահալի կառուցման համար օգտագործվել են 28 տեսակի թանկարժեք քարեր: Եթե տաճարը դիտարկենք ներսից, ապա կտեսնենք, որ պատերի մեծ մասի վրա քանդակված են ամենանուրբ ծաղիկների, մրգերի, տերևների զարդանախշեր:

Ըստ Թաջ Մահալի կառուցման պատմության՝ Պարսկաստանից Հնդկաստան տեղափոխված հայերի թվում էր նաև Արջումանդին՝ իր ընտանիքի հետ: Նրա հայրը չափազանց հարուստ էր, այդ իսկ պատճառով բարի հարաբերություններ է սկսում կայսերական ընտանիքի հետ: Որոշ ժամանակ անց Արջումանդը հանդիպում է իր կյանքի սիրուն և տարիներ անց ամուսնանում նրա՝ արքայազն Քուրամի հետ: Ամուսնության ժամանակ, ավանդույթի համաձայն, Քուրամի հայրը՝ Շահ Ջահանդիրը, հարսին տվեց նոր անուն՝ Մումթազ Մահալ:

Տարիներ անց Քուրամը սպանում է եղբայրներին գահի ու իշխանության հասնելու նպատակով և իրեն վերցնում Շահ Ջահան տիտղոսը, որը թարգմանաբար նշանակում է աշխարհի տիրակալ: Հենց այսպես էլ սկսվել է Շահ Ջահանի ու հայուհի Մումթազ Մահալի սիրո գեղեցիկ պատմությունը, որը նմանը չունի պատմության մեջ: 



loading...