Գյուղնախարարության եւ CARD հիմնադրամի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել


Գյուղնախարարության եւ CARD հիմնադրամի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել
Փետրվար 8 17:32 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Արագածավան համայնքի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն:Նախարարը «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի եւ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, զրուցել կենտրոնի աշխատակիցների եւ անասնաբույժերի հետ:

Այնուհետեւ նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի ընթացիկ աշխատանքներին:

Շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ CARD հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի համաձայն` նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի գործուն մեխանիզմներ «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստումների աշխատանքների որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման, անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների իրազեկվածության աշխատանքների կազմակերպման հարցերում:

«Հուշագրով պետական ծրագրով իրականացվող պատվաստումների գործառույթն այսուհետ իրականացվելու է CARD հիմնադրամի հետ համատեղ, եւ ես համոզված եմ, որ այս համագործակցությունը շատ հաջողված կլինի: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոններ, վերապարտաստվել են անասնաբույժներ, եւ մենք այսօր ունենք մի հարթակ, որը կարող ենք առավել արդյունավետ օգտագործել պետական պատվաստումների ծրագիրը բարձր մակարդակով իրականացնելու համար, տարեցտարի լրացնենք բացերը, կատարելագործենք համակարգը` աստիճանաբար այդ գործառույթը պետությունից պատվիրակելով մասնավոր հատվածին: Հուշագրի ստորագրմամբ պետությունն ընդգծում է իր պատրաստակամությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, զարգացնել ցանկացած ուղղություն», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ CARD հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում 2018 թվականի գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները կիրականացվեն առավել թափանցիկ ու արդյունավետ նոր ծրագրով:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագիր:

Իր հերթին Գագիկ Սարդարյանն ընդգծել է, որ CARD հիմնադրամը կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Իր խոսքում նա հավաստիացրել է, որ անասնաբուժական սպասարկման բոլոր կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով եւ համալրված բարձրակարգ մասնագետներով` անասնաբուծական եւ անասնաբուժական տարբեր ծրագրեր իրականացնելու համար: