Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները հանդիպել են


Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները հանդիպել են
Դեկտեմբեր 8 10:42 2017

ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինիի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց գործընկերոջը Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարարները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները շարունակաբար խորացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակությաին փոխանակումների խթանման ուղիները։ Կողմերը կարևորեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, իրավապայմանագրային դաշտի ընդլանումը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացումը:

ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: