Լոնդոնի քաղաքապետը խորհուրդ է տվել Թրամփին Երուսաղեմի մասին որոշումից հետո հրաժարվոլ Մեծ Բրիտանիա այցից


Լոնդոնի քաղաքապետը խորհուրդ է տվել Թրամփին Երուսաղեմի մասին որոշումից հետո հրաժարվոլ Մեծ Բրիտանիա այցից
Դեկտեմբեր 7 22:07 2017

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը հայտարարել է Իսրայելի մայրաքաղաք և կարգադրել է իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել այդ քաղաք, պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից, հայտնում է РИА Новости-ն:

«Ես այդ կապակցությամբ բավականին հստակ եմ արտահայտվել. նրա համար ավելի լավ կլինի պետական այց չպլանավորել», - ասել է Հանը Geo TV պակիստանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քաղաքական գործչի խոսքով՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը «լուրջ անհանգստություն է առաջացնում», քանի որ ԱՄՆ-ի ղեկավարը «չի հասկանում այն վիրավորանքը, որը հասցնում է» արաբական աշխարհին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թրամփի որոշման դեմ բողոքը պետք է խաղաղ բնույթ կրի և բռնության պոռթկումներ չհրահրի մերձավորարեւելյան տարածաշրջանում:

«Ասում են, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան ամենալավ ընկերներն են: Ուստի ես ԱՄՆ-ին ասում եմ. «Այո՛, դու առաջվա պես իմ լավագույն ընկերն ես, բայց դու պետք է փոխես քո դիրքորոշումը Երուսաղեմի հարցում», - հավելել է Լոնդոնի քաղաքապետը: