Վարչապետն անդրադարձավ ներմուծվող հավի մսի որակին


Վարչապետն անդրադարձավ ներմուծվող հավի մսի որակին
Դեկտեմբեր 7 18:14 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մարզպետներին քսանօրյա ժամկետում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացնել այս տարվա գործունեության ծրագրի մասին ամփոփումը, որտեղ պետք է ներկայացված լինեն մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների աճի, աղբահանության եւ մաքրման աշխատանքների ու այդ աշխատանքների դիմաց գանձված գումարների մասին ցուցանիշները: «Մենք պետք է այդ ցուցանիշներն ուղղորդենք միջին հանրապետական ցուցանիշներին համապատասխան»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հանձնարարեց նաև մարզպետներին կառավարություն ներկայացնել գյուղատնտեսական ծրագրերի շահառուների, սպանդանոցների թիվը:

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր հաջորդ տարվա անելիքները ներկայացնելուն: ՀՀ գործադիր մարմինները քսան օրում պետք է ամփոփեն եւ ներկայացնեն գալիք տարվա գործունեության միջոցառման ծրագիրը, խնդիրները եւ արդյունքները, կատարման ժամկետները եւ ներդրումները:

Գործադիր մարմնի ղեկավարն անդրադարձավ մամուլում տեղ գտած ներմուծված սառեցված հավի մսում հայտնաբերված խախտումներին: Վարչապետն առաջարկեց ՍԱՊԾ-ին եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը` քսան օրում տեղայնացնել սննդի փորձաքննության միջազգային նորմերը եւ այն ռիսկերը, որոնք առնչվում են ներմուծվող եւ արտահանվող սննդի փորձաքննությանը:



loading...