Հասարակ ժողովուրդը, որպեսզի լավ ապրի, պետք է համբերատար լինի. ՀՀԿ-ական պատգամավոր


Հասարակ ժողովուրդը, որպեսզի լավ ապրի, պետք է համբերատար լինի. ՀՀԿ-ական պատգամավոր
Դեկտեմբեր 7 13:44 2017

Այն, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը երեկ խորհրդարանում քննարկվեց կիսադատարկ դահլիճում, ընդ որում նաեւ կառավարության`վարչապետի ՀՀԿ մեծամասնության բացակայությամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը բացատրում է նրանով, որ նախագիծը տարբեր հանձնաժողովներում մանրամասն քննարկվել էր, բոլորը ստացել էին իրենց հուզող հարցերի պատասխանները:

Անրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քննադատություններին էլ`ասաց, նորմալ է համարում, քանի որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի գործը քննադատելն է: Հարցին`ժողովուրդն արժանի՞ է վատ ապրել, քանի որ 10 հազար դրամ է վերցրել: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, դիմելով ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին`ասել էր. «Սա ձեր ընտրության արդյունքն է, վայելեք, դուք լավ չեք ապրելու»: Ռաֆիկ Գրիգորյանը համամիտ չէ, որ ընտրակաշառքներ են բաժանվել. «Գիտեք, շատ բան են ասում, բայց հիմնավորումներ պետք է լինեն: Ես էլ շատ բան եմ լսում, ամեն լսած եթե հիմք ընդունեննք, կոռեկտ չէ»:

Մեկ տարի առաջ երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ`հայտարարեց`մեր տնտեսության վիճակը շատ ծանր է: Լրագրողները հետաքրքրվեցին`մեկ տարի առաջ Ռաֆիկ Գրիգորյանը տեսնո՞ւմ էր, որ տնտեսության վիճակը ծանր է: «Մեր տնտեսության վիճակը եղել է եւ շարունակելու է լինել ծանր, որովհետեւ դեռ անելիքներ շատ ունենք: Առաջին հերթին`բանակի հզորացման խնդիր, տարածքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների եւ այլն: Այդ բոլոր խնդիրները լուծելու համար, այո, վարչապետն արտահայտեց իր կարծիքը, բայց բավական աշխատանքներ տարվում են: Այս բյուջեն շատ քննադատվեց, բայց ես կարծում եմ, որ կառավարության վարած քաղաքականությունը տեղին է»,- ասաց նա:

Հարցին`հաջորդ տարի հասարակ ժողովուրդը լա՞վ է ապրելու, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Որպեսզի հասարակ ժողովուրդը լավ ապրի, պետք է տնտեսություն զարգացնենք: Պետք է համբերատար լինենք, երկար ճանապարհ անցնենք, որպեսզի այդ զարգացումն ամեն մի քաղաքացի իր վրա զգա: Ինչքան էլ ՀՆԱ-ի աճ ունենանք, քաղաքացին անմիջական ազդետությունը չի զգա, հիմնախնդիրները շատ են»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ծիծաղելի չէ՞, որ կառավարությունն անընդհատ ջանում է, իսկ մարդիկ այլ վայրերում են բարեկեցություն փնտրում: «Մարդն ազատ է իր գործունեության մեջ, ինքն է որոշում`որտեղ ապրել, որտեղ աշխատել: Դա նաեւ ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված: Կոռեկտ էլ չէ այդ մասին խոսել: Ի՞նչ է այսօր չկա աշխատանք, որ մեր քաղաքացիները չեն ուզում կատարել: Կոնկրետ մարզում, նույն շինարարական աշխատանքները»: