ՆԱՍԱ-ի տիեզերագնացը մրցանակ է հանձնել Վրաստանի առաջին կին օդաչուին՝ հայազգի Նադեժդա Բենկլյանին


ՆԱՍԱ-ի տիեզերագնացը մրցանակ է հանձնել Վրաստանի առաջին կին օդաչուին՝ հայազգի Նադեժդա Բենկլյանին
Դեկտեմբեր 6 22:20 2017

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին և դեռևս միակ կին օդաչուն՝ հայազգի Նադեժդա Բենկլյանը, արժանացել է ԱՄՆ-ի դեսպանատան «Կանանց առաջնորդության և քաջության համար» մրցանակին, որը նրան է հանձնել ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տիեզերագնաց և ԱՄՆ-ի նավատորմի կապիտան Հայդի Ֆայֆերը: Այս մասին հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Վրաստանի Ավիացիոն համալսարանում, որի շրջանավարտն է 25-ամյա Բենկլյանը: Դրանից բացի, ՆԱՍԱ-ի տիեզերագնացը հանդիպել է համալսարանի ուսանողների հետ և կիսվել իր փորձով:

Նշվում է, որ մի քանի ամիս առաջ Բենկլյանը սկսել է աշխատել Georgian Airways վրացական ավիաընկերությունում և ապացուցել, որ կինը կարող է տիրապետել տղամարդու մասնագիտությանը և բարեհաջող ինքնաթիռ վարել:

«Սա մեծ պատիվ է ինձ համար, մասնավորապես, որ մրցանակն ինձ շնորհել է նման անձնավորություն: Ես հիացած եմ նրանով: Սա այնպիսի անհավանական զգացողություն է, երբ նման մարդ հիանում է քեզնով: Պարզվում է՝ նա ցանկանում էր օդաչու դառնալ, սակայն չի կարողացել՝ տեսողության հետ կապված խնդիրների պառճառով», - ասել է Բենկլյանը «Sputnik-Վրաստան»-ին:



loading...