Բաբլոյանին բյուջեի նախագիծը ոգեւորել, բայց եւ անհագստացրել է


Բաբլոյանին բյուջեի նախագիծը ոգեւորել, բայց եւ անհագստացրել է
Դեկտեմբեր 6 13:43 2017

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու` մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է և այլն: Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար»,- նշեց նա:

Բաբլոյանի խոսքով` երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում ասվում է՝ եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքանն է մեր հնարավորությունների սահմանը: «Բայց այն նաև ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմաններն ինքներս ենք մեծացրել: Անկեղծորեն պիտի ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և' ոգևորում է, և' անհանգստացնում»,- ասաց նա:

ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ բյուջեն ոգևորիչ է, քանի որ դրանում տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր կա, մտահոգիչ է, որովհետև բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես` կրթության ու առողջապահության նկատմամբ:

«Այո, պետբյուջեի նախագծով որոշակիորեն կրճատվում է առողջապահության ֆինանսավորումը: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կամ գրեթե անհնար է վերականգնել: Այս ոլորտում բարեփոխումները, օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելը, համակարգն ավելի արդիական ու ճկուն դարձնելն է, չպետք է անցանկալի ազդեցություն ունենան բնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ թե' քաղաքացու առողջության և թե' առողջապահության համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրը կարգավորելու ճանապարհներ»,- նշեց Բաբլոյանը:

Այսպիսով քննարկումներն ավարտվեցին, քվեարկությունը տեղի կունենա ուրբաթ օրը: