Բալասանյանի անհիմն որոշումը. ԳԱԼԱ-ն բոյկոտեց ավագանու նիստը


Բալասանյանի անհիմն որոշումը. ԳԱԼԱ-ն բոյկոտեց ավագանու նիստը
Դեկտեմբեր 6 17:07 2017

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի օրն էր: Օրակարգը հաստատելու ժամանակ ԳԱԼԱ խմբակցության քարտուղար Քրիստինա Մկրտչյանը հարց ուղղեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին ու քաղաքապետարանի աշխատակազմին, թե ԳԱԼԱ-ի ներկայացրած ուղերձի նախագիծը, որով ավագանու անդամները դիմում էին ՀՀ կառավարություն նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար, ի՞նչ պատճառով չի ընդգրկվել ավագանու նիստի օրակարգ:

ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչը պահանջեց հիմնավորել, թե որ օրենքով է առաջնորդվել քաղաքապետարանի աշխատակազմն այդ հարցն ավագանու նիստի օրակարգ չընդգրկելով, քանի որ ՏԻՄ օրենքում և ավագանու կանոնակարգում չկա որեւէ կետ, համաձայն որի հանձնաժողովներից մեկում հարցը բացասական եզրակացություն ստանալու դեպքում չի մտնում օրակարգ: Ս. Բալասանյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները չունեին այդ հարցի պատասխանը. նա հորդորեց մի փոքր սպասել, քանի որ ԿԳՆ-ն օրենքում փոփոխություններ է անում, որոնք կվերաբերեն նաև նախակրթարաններին:

«Այնպես չլինի, որ ԳԱԼԱ-ն քաղաքի համար լավ բան է անում, ուզում է որ երեխաներն անվճար նախակրթարան գնան, իսկ մենք չուզող ենք, չենք ուզում, որ երեխաներն անվճար գնան. 500 միլիոն չէ, 5 միլիարդ էլ որ գա, ուրախ կլինենք, բայց հիմա ժամանակը չէ»,- նշել է Ս. Բալասանյանը:

Այնուհետ ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանն ավագանուն ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի՝ավելի վաղ ԳԱԼԱ-ին հղած դիմումը, որով վերջինս տեղեկացնում էր, որ ուղերձի նախագիծը քննարկվելու է ևս երկու հանձնաժողովներում և հարցրեց, թե ինչու են կամայականորեն արգելափակել հարցի լսումը մյուս հանձնաժողովներում, իսկ խմբակցության անդամ Լ.Բարսեղյանը պահանջեց ներկայացնել իրավական այն հիմքերը, որոնցով առաջնորդվել է քաղաքապետարանի աշխատակազմը հարցն արհեստականորեն ավագանու նիստի օրակարգ չընդգրկելով:

Բալասանյանը սակայն չթույլատրեց, որ Լ. Բարսեղյանը շարունակի իր խոսքը՝ այդպիսով զրկելով ելույթի իր իրավունքից:

«Ուրիշ բան, եթե դուք առաջարկեիք հարցն ընդգրկել նիստի օրակարգ և մենք նորից քվեարկեինք»,-հայտարարեց Բալասանյանը, որից հետո ԳԱԼԱ խմբակցության անդամ Արման Գրիգորյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ ավագանու նիստի օրակարգում փոփոխություն կատարել ու ներառել նաև այդ հարցը և ուղերձով դիմել ՀՀ կառավարությանը:

Հարցը դրվեց քվերակության, սակայն օրակարգը մնաց անփոփոխ, ուստի ԳԱԼԱ-ն բոյկոտեց ավագանու նիստը և խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը:



loading...