Թուրքական մամուլն արձագանքել է մի խումբ դերսիմահայերի հայաստանյան այցին


Թուրքական մամուլն արձագանքել է մի խումբ դերսիմահայերի հայաստանյան այցին
Դեկտեմբեր 4 20:47 2017

Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստան այցելած մի խումբ դերսիմցիների հայտարարությանը: Մասնավորապես ‘Sabithaber.com’ կայքէջն անդրադառնալով այդ այցին` գրել է, թե «Սուտ է թունջելիցիների այն պնդումը, ըստ որի` Դերսիմի բնակչության կեսը հայեր են»: Այս մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` թուրքական լրատվամիջոցը հայտնելով, թե Դերսիմից Հայաստան գնացած 9 գյուղապետեր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, նշել է, թե նրանց մեջ են գտնվել նաև Թունջելիի (Դերսիմի ներկայիս պաշտոնական անվանումը-Ակունքի խմբ.) միությունների ֆեդերացիայի նախագահ (Tunceli Dernekleri Federasyonu /DEDEF/) Ահմեթ Բալքըսը և Թունջելիի հայերի և ալևիների բարեկամության միության (DERADOST) նախագահ Սերքան Սարիաթաշը: Նրանք այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան և Մատենադարան:

Սերքան Սարիաթաշը, ըստ աղբյուրի, հայտարարել է. «Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը, այն պետք է դատապարտեն նաև այն դեռևս չճանաչած մյուս երկրները: Մեծամասամբ ալևիներից բաղկացած Դերսիմի բնակչության որոշակի մասն ունի հայկական ծագում: Պատմական Ծոփք նահանգի մի հատվածը կազմող Թունջելին գտնվում է Վանա լճից հյուսիս-արևմուտք: 20 դարի սկզբին Թունջելիի բնակչության մեծ մասը հայկական էր, տեղանուններն էլ էին հայկական: Թուրքական կառավարության ջանքերով Դերսիմում գտնվող հայկական եկեղեցիներն ավերվել են: Ցեղասպանության տարիներին թունջելիցիները մոտ 40 հազար հայի են ապաստան տվել: Նրանց մեծ մասն ալևի է դարձել: 1915 թ. առաջ Թունջելիում 45 հայկական եկեղեցիներ ու 5 վանքեր կային: Վերջին 2 տարում դերսիմցիներն սկսել են վերադառնալ իրենց հայկական արմատներին: Այսօր Դերսիմում տեղացի հայերի հայրենակցական միություն է գործում»:

Նշենք, որ թեև այդ այցը եղել է վաղուց, սակայն թուրքական մամուլը հարկ է համարել հիմա անդրադառնալ դրան` հիմնվելով Ermenihaber.am կայքում վերջերս թուրքերենով հրապարակված տեղեկատվության վրա:

Մելինե Անումյանը

Akunq.net



loading...