«Այցելեք Արցախ ու կտեսնեք ազատ, անկախ ու ժողովրդավար պետություն». Էդուարդ Շարմազանովի ելույթը ՌԴ Պետական դումայում


«Այցելեք Արցախ ու կտեսնեք ազատ, անկախ ու ժողովրդավար պետություն». Էդուարդ Շարմազանովի ելույթը ՌԴ Պետական դումայում
Դեկտեմբեր 5 00:19 2017

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է.

«Հարգելի պարոն նախագահող,

հարգելի գործընկերներ,

թմրամիջոցների եւ դրանց անօրինական շրջանառության խնդիրները մարտահրավեր են միջազգային հանրության համար: Այդ հանցագործությունը սերտ կապ ունի այլ մարտահրավերների՝ միջազգային ահաբեկչության ու փողերի անօրինական լվացման հետ: Հաշվի առնելով, որ թմրանյութերի անօրինական շրջանառությունը մարտահրավեր է այսօրվա աշխարհի համար՝ պետք է նշեմ, որ այն եւս անվտանգության մարտահրավեր է: Այս արատի դեմ պայքարը պահանջում է միասնական ու համակարգային պայքար: Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում ավելի վճռական պայքար մղել այդ արատի դեմ եւ միասնական ռազմավարություն մշակել այդ մարտահրավերին դիմակայելու համար: Հայաստանը նման արդյունավետ փորձ ունի ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ այս համաժողովը կարող է նոր էջ ու հնարավորություն բացել ընդդեմ այդ մարտահրավերի:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ այսօր մենք հերթական անգամ ականատես եղանք Ադրբեջանի ներկայացուցիչների կեղծ եւ հակահայկական հռետորաբանությանը: Հայաստանին ու Արցախին անհարկի մեղադրելու փոխարեն չէր խանգարի ընթերցել միջազգային զեկույցներն Ադրբեջանի վերաբերյալ: Իսկ Արցախի մասին անհեթեթ ելույթների մասնակիցներին ու բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում այցելել Արցախ: Այցելեք ու կտեսնեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետություն:

Կոչ եմ անում բոլորիս միասնական ջանքերով պայքարել ահաբեկչության, ստի, ռասիզմի, նարկոթրաֆիքինգի եւ բոլոր միջազգային մարտահրավերների դեմ:

Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ առաջարկում եմ քննարկել «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» կազմակերպության հիմնման հարցը:

Շնորհակալություն ուշադրության համար»: