Դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը կալանավորվել է


Դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը կալանավորվել է
Դեկտեմբեր 2 14:24 2017

Տավուշի մարզում ամիսներ առաջ դստեր նորածնին արտաքնոցի փոսը նետած տատը կալանավորվել է: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

57-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և դատարանը որպես խափանման միջոց է նրա նկատմամաբ ընտրել կալանավորումը:

Այս ահասարսուռ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, 33-ամյա կինը արտամուսնական կապից հղիացել է վերջինիս մայրն էլ որպեսզի թաքցնի դստեր հղիությունը և նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով 36-38 շաբաթական հղիության ժամանակ ծնված նորածնի պարանոցի աջ և ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, ապա գցել արտաքնոցի փոսի մեջ:

Հարուցված քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն որի եզրակացության՝ իգական սեռի պտուղը եղել է կենդանածին, հասուն ու կենսունակ և գտնվել է զարգացման 36-38 շաբաթական շրջանում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության հանդես գալով հայտնել է, որ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ «պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով: Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը»,- նշված է եզրակացության մեջ։

Ըստ փորձագետների՝ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից:

Սպանության գործով նախաքննությունն ավարտվել է և այն արդեն դատարանում է: