Մաքսակետերում ու բանկերում Ամանորի տոներին հերթապահություն կլինի


Մաքսակետերում ու բանկերում Ամանորի տոներին հերթապահություն կլինի
Նոյեմբեր 30 11:41 2017

Ամանորի տոներին Հայաստանի մաքսային կետերում ու բանկերում աշխատանքային հերթապահություն կիրականացվի: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունների և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանելու վերաբերյալ հանձնարարականներ տվեց:

Ըստ նրա՝  իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավորարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը:

«Այդ իսկ պատճաառով անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը: Այդ թվում՝մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները ժամանակին ու առանց ընդհատումների պետք է կազմակերպվեն», ասաց նա:
Վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց դեկտեմբերի 2-ից սկսած մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը տնտեսավարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով շաբաթ-կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն: