Ի՞նչ հարաբերությունների մեջ կլինեն Հայաստանը և Ռուսաստանը 2018 թվականին. «Ժամանակ»


Ի՞նչ հարաբերությունների մեջ կլինեն Հայաստանը և Ռուսաստանը 2018 թվականին. «Ժամանակ»
Նոյեմբեր 30 09:29 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «2018-ի ներիշխանական հանգուցալուծման հարցում Ռուսաստանի դերակատարության կամ վերաբերմունքի վճռորոշությունը Հայաստանում հաճախ է դառնում հանրային, քաղաքական, փորձագիտական քննարկման առարկա: Այդ քննարկումների ավանդական կրակին զգալի «յուղ» է ավելացրել նաեւ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հանգամանքը, հաշվի առնելով թե՛ նրա գազպրոմյան կենսագրությունը, թե՛ առավել եւս հենց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լինելը:

Իսկ քանի որ Կարեն Կարապետյանը հանդիսանում է 2018 թվականի վարչապետի պաշտոնի հավակնորդ կամ հավակնորդներից մեկը, ապա այդ հանգամանքը էլ ավելի է սրում Ռուսաստանի դերակատարության ինտրիգը, որն առանց այդ էլ միշտ եղել է բարձր:

Ռուսաստանը գործնականում մշտապես եղել է Հայաստանի իշխող համակարգի, այսպես ասած, գլխավոր հովանավորը կամ տանիքը, քանի որ իրադարձությունները ընթացել եւ իրերը դասավորվել են այնպես, որ միայն իշխող համակարգի որակների դեպքում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին պահել իր զգալի ազդեցության ոլորտում: Կա՞ ներկայումս, կամ ավելի շուտ 2018 թվականին ընդառաջ այդ հարցը Ռուսաստանի առաջ: Ինտրիգը խորացրեց նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում ոչ միարժեք իրավիճակ է:

Մի կողմից անհնարին է թվում, որ Մոսկվայի դեմ լինելու պարագայում Սերժ Սարգսյանը գնար ստորագրման, կամ այլ կերպ ասած՝ քաղաքական ինքնասպանության: Մյուս կողմից, իհարկե, մենք բոլորս դարձանք Մոսկվայից եկող ոչ միայն բացասական, դժգոհ, այլ նաեւ ագրեսիվ ու նույնիսկ թշնամական արձագանքների, ընդհուպ պետական քարոզչամիջոցներով:

Հետեւաբար, «ցարի» շուրջ մշտապես տեղի են ունենում խմորումներ, որոնց վերահսկելը ոչ միայն հեշտ գործ չէ, այլ թերեւս նպատակահարմար էլ չէ, քանի որ թուլացնում է «ցարին»:

Եվ ուրեմն, նույնքան բարդ է միարժեք եզրակացնել՝ կանգնա՞ծ է Ռուսաստանը 2018 թվականի ապրիլին ընդառաջ Հայաստանն իր ազդեցության գոտուց դուրս թողնելու վտանգի առաջ, տեսնո՞ւմ է այդպիսի վտանգ, թե՞ ոչ: Այդ տեսանկյունից շատ բան է կախված հանգամանքից, թե արդյոք կլինե՞ն ռուսական իշխանական կամ մերձիշխանական շրջանակներ, որոնք «ցարին» կփորձեն համոզել, հավաստիացնել, որ կա Հայաստանի կորստի վտանգ 2018 թվականի վարչապետի հարցում իքս հանգուցալուծման, այս կամ այն թեկնածուի նշանակման դեպքում:

2007-ին Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն ցանկանում էր փոխարինել մեծամասնության կարգավիճակում ՀՀԿ-ն ԲՀԿ-ով, նախագահի թեկնածու առաջադրել արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ դիտարկել մոտավորապես այն տարբերակը, որ կարճ ժամանակ անց Ռուսաստանում կիրառվեց Պուտին-Մեդվեդեւ տեսանկյունից: Սակայն Սերժ Սարգսյանին հաջողվեց Մոսկվային հավաստիացնել, որ դա ոչ թե պարզապես իշխանությունը պահելու Ռոբերտ Քոչարյանի ծրագիրն է, Ռուսաստանի համար որեւէ խնդիր կամ վտանգ չներկայացնող, այլ ծրագիր, որը Հայաստանը տանելու է դեպի Արեւմուտք: Դրա շնորհիվ Սերժ Սարգսյանը հասավ այն բանին, որ ԲՀԿ-ն մնաց երկրորդը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնաց, իսկ Սերժ Սարգսյանն էլ Մարտի 1-ից հետո գնաց Մոսկվա եւ բացահայտ շնորհակալություն հայտնեց Պուտինին նախագահական ընտրությանն իրեն աջակցելու համար:

Օգնե՞լ էր Սերժ Սարգսյանին իրավիճակի այդ մատուցման հարցում ռուսական որեւէ շրջանակ, թե՞ Սարգսյանը լիովին ինքնուրույն էր կարողացել ապահովել իր խնդրի լուծումը: Կարո՞ղ է նախագահական տասնամյակի ներկայիս ավարտական փուլում, 2018-ից առաջ Հայաստանի իշխող համակարգում գտնվել մեկը, ասենք՝ հավակնորդ Կարեն Կարապետյանը, որը «ցարին» կփորձի համոզել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանը: Կանի՞ նա այդ փորձը, թե՞ նա այլեւս հավակնորդ չէ: Կգտնվի՞ Հայաստանում այդ փորձին դիմող այլ սուբյեկտ: Եվ կգտնի՞ այդ սուբյեկտը Ռուսաստանում այդպիսի աջակից շրջանակ: Այստեղ է թերեւս խնդիրը, որով կպայմանավորվի 2018-ի հարցում Ռուսաստանի իշխանության գործուն դիրքորոշումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...