Բուենոս Այրեսում կցուցադրվի արգենտինացի ռեժիսորների՝ Ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմը


Բուենոս Այրեսում կցուցադրվի արգենտինացի ռեժիսորների՝ Ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմը
Նոյեմբեր 29 22:50 2017

Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում կցուցադրվի ռեժիսորներ Թերեսա Սապորիտիի և Կլաուդիո Ռեմեդիի «Ապրիլյան սիմֆոնիա» փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ:

Ինչպես ներկայացնում է Prensa Armenia-ն, «Ապրիլյան սիմֆոնիան» վավերագրական ժապավեն է, որը պատմում է 2015-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին՝ Բուենոս Այրեսի հայ համայքնի և Երևանի բնակչության կապի միջոցով:

«Ռեժիսորների հիմնական մոտիվացիան հասարակության մեջ հիշողությունը վառ պահելն է և Բուենոս Այրեսի ու Երևանի աշխարհագրական կերպարների կապի պահպանությունը», - նշել են ֆիլմի պրոդյուսերները:
Թերեսա Սապորիտին պատմել է, թե ինչպես է նախաձեռնել ֆիլմի նկարահանումները՝ կապ չունենալով հայ համայնքի հետ: «Ֆակուլտետի ընկերներիցս մեկը ինձ պատմեց Հայոց ցեղասպանության մասին, որից հետո ես ցնցված էի և ամաչում էի, որ տեղյակ չեմ եղել այդ իրողության մասին: Պատկերացում չունեի, որ թուրքական կառավարությունը 1.5 մլն հայի է սպանել առաջին աշխարհամարտի տարիներին: 15 տարի անց՝ հարյուրամյա տարելիցին ընդառաջ, որոշեցի վավերագրական ֆիլմ ստեղծել», - ասել է Սապորիտին: