Ներկայացվել է «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության նախագիծը


Ներկայացվել է «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության նախագիծը
Նոյեմբեր 29 16:10 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր:
Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Նշվել է, որ Օրակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել են 6 ուղղությամբ թվայնացման բարեփոխումների իրականացման հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում, թվային հմտությունների զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում և կիբերանվտանգություն: Յուրաքանչյուր ուղղության համար մշակվել են ռեֆորմների իրականացման տեսլական, չափելի արդյունքներ և առաջարկվել են թվային ոլորտում նոր նախաձեռնություններ՝ առաջնահերթ ծրագրերի իրականացման մասով: Հիմնական նպատակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման և տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է:
Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են Օրակարգի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Թվային փոխակերպման շրջանակում համապատասխան բիզնես մոդելի ձևավորման վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման և հայաստանյան ՏՀՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության հարցին: Քննարկվել են ռազմավարության իրականացման գործում մասնավոր ընկերություններին ներգրավելու նպատակով հարկային հավասար պայմանների ապահովմանը, թվային ոլորտում շարունակական ներդրումները խթանող լրացուցիչ գործիքների մշակմանն ու ներդրմանը, դաշտում մատչելիության և հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետագա քննարկումներում ներգրավել նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և ներկայացնել անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ գնահատական: Կարևորելով Հայաստանում թվայնացման տեխնոլոգիաների զարգացումը, հասարակության էլեկտրոնային մասնակցության և էլեկտրոնային կառավարման ցուցանիշների բարելավումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ լրամշակել Թվային օրակարգը և հաջորդ տարի հունվարին ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ճանապարհային քարտեզով և կոնկրետ միջոցառումներով:



loading...