«Ելք»-ի կարծիքով՝ ՀՀԿ-ն «փայ է մտել»


«Ելք»-ի կարծիքով՝ ՀՀԿ-ն «փայ է մտել»
Նոյեմբեր 29 12:54 2017

Երևանու ավագանու այսօրվա  նիստում հաստատվեց «Մոնթե Մելքոնյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» նախագիծը, որը համահեղինակել են Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները:

Նախագիծն ի սկզբանե ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, որը մշակույթի հանձնաժողովում ՀՀԿ ավագանու կողմից մերժվել էր, բայց հետագայում հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ:

Նախագծով առաջարկվում է Լենգինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նորակառույց փողոցն անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անվամբ:

ՀՀԿ-ի անունից զեկույցով հանդես եկավ Սերգեյ Մկրտչյանը, ով նշեց, որ Մոնթե Մելքոնյանի փողոցն անվանակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների առաջարկությունների և քննարկումների արդյունքում, իսկ, մինչ այդ, օբյեկտիվ պատճառներով ձգձգվել է:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու առաջարկին։

Հարց ուներ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոյանը։ Նա հետաքրքվեց, թե ինչ օբյեկտիվ պատճառներ են եղել, որ ձգձգվել է:

Հարցին պատասխանեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ հարցը մեկ տարուց ավելի քննարկվել էր և ձգձգման պատճառը փողոցի հարակից կառուցապատման խնդրին էր վերաբերվում:

«Սսպասեցինք մինչև կառուցապատող գտնվի, ծրագիրը հաստատվի, որ փողոցի անվանը վայել լինի», - ասաց նա։

«Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ հայտարարեց, թե ՀՀԿ-ն «Ելք»-ի առաջարկած նախագծին՝ «փայ է մտել»:

«Ելք»-ի պատասխանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի սրտով չէր. «Նման տերմին օգտագործելը տեղին չէ, ընդամենը «Ելք»-ն ուզում էր վերմակը քաշել մի քիչ իր վրա»:

Նածագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով նշեց, որ իրենց համար կարևոր էր, որ քննարկումների արդյունքը դրական է և նախագիծը հավանության արժանացավ:

Դավիթ Խաժակյանը նշեց, թե «Ելք» խմբակցությունը, եթե անվանակոչումների փաթեթը չներկայացներ, երբևէ նման հարց չէր ներկայացվի:

«Երբևիցե մի բացառեք, պարոն Խաժակյան», - արձագանքեց Տարոն Մարգարյանը։

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, թե Մոնթե Մելքոնյանի անվամբ կենտրոնական մեծ փողոց պետք է անվանակոչվեր, ոչ թե ծայրամասային փողոց, որտեղ մարդիկ չեն բնակվում։

««Երկիր ծիրանին» իր վրդովմունքն է հայտնում մեծն Ավոյի անվամբ մի ծայրամասային փողոց անվանակոչելու մասին նախագծին, քվեարկությանը խմբակցությունը չի մասնակցելու», - ասաց նա։



loading...