Պետք է դուրս գալ ԵՏՄ-ից ՀՀ տնտեսության հասցվելիք հետագա վնասները կանխելու համար


Պետք է դուրս գալ ԵՏՄ-ից ՀՀ տնտեսության հասցվելիք հետագա վնասները կանխելու համար
Նոյեմբեր 29 12:17 2017

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է երեք հարց. Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստի մասին որոշումը, «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը և այլ հարցեր:

ԵՏՄ-ին անդամակցությունը խանգարում է Հայաստանի եւ իր անմիջական հարեւանների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ Թուրքիայի հետ սահմանն էլ մշտապես փակ չի մնալու, սակայն որպես ԵՏՄ անդամ Հայաստանը ապագայում նոր, ԵՏՄ-ից առանձին համաձայնագրեր չի կարող կնքել։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ազատ առեւտրի համաձայնագիր կնքեր Իրանի հետ նախքան ԵՏՄ մտնելը, սակայն իրանական կողմից բողոքում էին, որ Հայաստանը չհասցրեց կնքել՝ անդամակցելով ԵՏՄ-ին։ «Իսկ այժմ Հայաստանը բանակցում է Իրանի հետ ԵՏՄ կողմից, այսինքն ազատ առեւտրի համաձայնագիրը լինելու է ոչ թե Հայաստանի եւ Իրանի, այլ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ»,-նշեց նա։

ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե բարդ չէ՞, արդյոք, լինել տնտեսական հարաբերությունների մեջ՝ առանց քաղաքական մասի, Մարուքյանը պատասխանեց, որ Հայաստանը արդեն ՌԴ հետ ռազմավարական գործընկերություն եւ քաղաքական բարձր համագործակցություն է իրականացնում։ «Բարդ է հասնել նրան, որ Արցախի անկախությունը ճանաչվի, բայց մենք պայքարում ենք, բարդ է զարգանալ շրջափակման պայմաններում, բայց մենք դա անում ենք»,-շեշտեց նա։

Մարուքյանն ընդգծեց նաեւ, որ Հայաստանը համեմատելի չի Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ հատկապես ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունների մակարդակով։ «Կարող է Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ՀԱՊԿ անդա՞մ են եղել, ոչ, իսկ Հայաստանը ՌԴ հետ անվտանգության մեկ համակարգի մեջ է։ Ուստի, պետք է դուրս գալ ԵՏՄ-ից ՀՀ տնտեսության հասցվելիք հետագա վնասները կանխելու համար եւ զարգացնել առանձին հարաբերություններ ՌԴ հետ»,-ավարտեց իր խոսքը Մարուքյանը՝ նշելով նաեւ, որ կա լավ բանակցված ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, որը չպետք է մոռանալ։