Անդրանիկ Մարգարյանի պաստառի կողքին տեղադրել Քիմ Քարդաշյանինը. «Երկիր ծիրանիի» առաջարկը


Անդրանիկ Մարգարյանի պաստառի կողքին տեղադրել Քիմ Քարդաշյանինը. «Երկիր ծիրանիի» առաջարկը
Նոյեմբեր 29 12:09 2017

Երեւանի ավագանու այսօրվա  նիստի ժամանակ,  «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն առաջարկեց  մայրաքաղաքի փողոցներում տեղադրված «Հայ մեծերը» խորագրով մեծադիր պաստառների շարքում տեղ հատկացնել նաեւ Քիմ Քարդաշյանի պաստառին, եթե Անդրանիկ Մարգարյանը գտնվում է Հայ մեծերի կողքին:

«Մենք հիշում ու մեծարում ենք մեր մեծերին, մեր արվեստի գործիչներին, գիտնականներին, հերոսներին: Նրանք մեզ համար ուղենիշ են հանդիսանում ազնիվ, բարոյական, արժանապատիվ ապրելու, արարելու համար: Հազիվ թե մեկը նկատած չլինի, որ բացի ցուցատախտակներից, Երեւանի փողոցներում լայնորեն տարածված են նաեւ հայ մեծերի մասին փոքրիկ նշումներով ցուցապաստառները: Հաճելի է քայլել Երեւանով ու տեսնել քո պատմությունը կերտած մարդկանց լուսավոր դեմքերը, սակայն շատ երեւանցիների մոտ մի բնական հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունի այդ ցուցապաստառների շարքում Անդրանիկ Մարգարյանի ցուցապաստառը: Ի՞նչ կապ ունի նա հայ մեծերի հետ: Յուրաքանյուր հայի համար ապտակ է այդ ցուցապաստառը»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը:

Առաջարկեց ցուցապաստառների համալրման գործում դիմել բրիտանական The Guardian պարբերականին, որը ներկայացնում է աշխարհում ամենահայտնի տասը հայերին եւ այդ ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցնում նաեւ աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը:

«Եթե մեր մայրաքաղաքում տեղադրված են ոչ միայն հայ մեծերի ցուցապաստառները, ապա մեր խմբակցությունն առաջարկում է այդ ցուցապաստառների շարքում ներառել նաեւ Քիմ Քարդաշյանի ցուցապաստառը: Նա նույնպես հայերի համար շատ մեծ գործեր է արել: Մարդ, որը նպաստել է, որ այսօր Հայաստանի անունը ծանոթ լինի աշխարհի ցանկացած կետում: Եկեք համաձայնեք, որ անհամեմատելի է Անդրանիկ Մարգարյանի ու Քիմ Քարդաշյանի հետեւորդների քանակը»,- եզրափակեց Երեւանի ավագանու անդամը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարինե Խաչատրյանի ելույթին չարձագանքեց: «Ավարտեցի՞ք ելույթը ձեր»,- հոգոց հանեց քաղաքապետը եւ շարունակեց. «Օրակարգի երկրորդ հարցի համար խնդրում եմ գրանցվել»:



loading...