Արցախի հերոս Սամվել Բաբայանի դատավարությունն ավարտվեց միանգամայն կանխատեսելի վերջաբանով. «Ժողովուրդ»


Արցախի հերոս Սամվել Բաբայանի դատավարությունն ավարտվեց միանգամայն կանխատեսելի վերջաբանով. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 29 07:40 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի դատավարությունն ավարտվեց միանգամայն կանխատեսելի վերջաբանով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման այն բանի համար, որ իբր դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել եւ պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացել է եվրո թղթադրամներ: Բայց դատաքննության ողջ ընթացքում այդպես էլ չներկայացվեցին Բաբայանի մեղքն ապացուցող հիմնավոր փաստեր: Եւ, ընդհանրապես, ի սկզբանե պարզ էր, որ այս քրեական գործն իրականում քաղաքական բնույթ ունի. Բաբայանին կալանավորեցին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ փուլում, քանի որ նա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային առաջնորդներից էր: Ենթադրվում էր՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքն ԱԺ ընտրություններից հետո ծրագրել էր հետընտրական զարգացումներ, եւ Բաբայանին չեզոքացնելով՝ իշխանություններն այդ հարցը լուծեցին: Առավել եւս, երբ նա մեկ անգամ արդեն դատապարտվել էր Արցախում՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Դատավճռի հրապարակմանը զուգահեռ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադի 25-ամյակի առիթով մի խումբ ազատամարտիկների պարգեւատրում էր: Նկատենք նաեւ, որ Բաբայանի կողքին նույն ՕՐՕ դաշինքի առաջնորդները չկային. ո՛չ Ս. Օհանյանը, ո՛չ Ր. Հովհաննիսյանը, ո՛չ Վ. Օսկանյանը ներկա չէին դատավարությանը, նույնիսկ հետո գնահատականներ չհնչեցրին: Իսկ Բաբայանը դատավճիռն այսպես գնահատեց. «Պատվերը նորմալ կատարել են»: Նա ասաց, որ «այս երկրում մեկ մարդ է պատվիրում»: Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք, արձագանքեց. «Դուք ասացիք»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբայանի փաստաբանը դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում