Երևանցին պարտքով 1000 դրամ տալուց հետո աներձագի նախկին կնոջը սեքսի առաջարկ է արել, մերժվել է ու որոշել բռնաբարել նրան


Երևանցին պարտքով 1000 դրամ տալուց հետո աներձագի նախկին կնոջը սեքսի առաջարկ է արել, մերժվել է ու որոշել բռնաբարել նրան
Նոյեմբեր 28 14:30 2017

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրված բռնաբարության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով:

Տուժող Ասյա Գ.-ն (անունը փոխված է) Դավիթի աներձագի նախկին կինն էր:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 28-ին, ժամը 20-ի սահմաններում Ասյան գնացել է Դավիթի տուն: Վերջինիս կինը տանը չէր, Ասյան հանդիպել է Դավիթին: Նա ասել է, որ նեղ իրավիճակում է հայտնվել, ու Դավիթից պարտքով 1000 դրամ է խնդրել:

Դավիթն այդ գումարը տվել, ապա առաջարկել է, որ Ասյան իր հետ սեռական հարաբերություն ունենա՝ երկուսն էլ նրա այցից «մի բան հասկանան»:

Ասյան մերժել է ու ցանկացել է հեռանալ:

Դավիթը բռնություն է գործադրել, ցանկացել է իր նպատակին հասնել Ասյայի կամքին հակառակ:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթը ձեռքերով հարվածներ է հասցրել Ասյային, նրա առողջությանը՝ ձախ այտի քերծվածքների, ձախ աչքի ստորին կոպի, որովայնի առաջնային մասի, գոտկային շրջանի արյունազեղումների ձևով պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Հարվածներ հասցնելով՝ Դավիթը Ասյային գցել է հատակին, հաղթահարել է նրա դիմադրությունը ու կարողացել է նրա հագից հանել շալվարն ու վարտիքը: Ապա շարունակելով բռնության գործադրումը՝ փորձել է կնոջ կամքին հակառակ, նրա անօգնական վիճակն օգտագործելով՝ սեռական հարաբերություն ունենալ հետը, սակայն Ասյան ուժերը հավաքել, շարունակել է դիմադրել. նա հարվածել է Դավիթին, ուժեղ ցավ է պատճառել ու կարողացել է դիմել փախուստի…

Այսպիսով, Դավիթը իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ տուժողի դիմադրության պատճառով, չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր դիտավորությունը:

Կատարվածի վերաբերյալ Ասյա Գ.-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Դատարանում Դավիթ Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժողը չի առարկել:

Դատարանը հաշվի է առել, որ Դավիթ Մ.-ն վատառողջ է, 31 տարեկան լինելով՝ անգրագետ է, նորաստեղծ ընտանիք ունի, բանվորական աշխատանք է անում, հաշտվել է տուժողի հետ, բնութագրվում է դրական:

Դավիթին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է միայն ազատազրկման ձևով պատիժ:

Այնուամենայնիվ, դատարանը, ամբաստանյալի անձը, ընտանեկան ու առողջական վիճակը, ոչ թե ավարտուն հանցավոր արարք, այլ հանցափորձ կատարած լինելը հաշվի առնելով՝ որոշել է նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Դավիթ Մ.-ն մեղավոր է ճանաչվել բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Նյութի աղբյուրը՝ 1in.am