Գիտեմ՝ պատվերը որտեղից է գալիս, Բաբայանը մի տարի ավել նստի, թե պակաս՝ հարց չեք լուծելու. Սամվել Բաբայանի վերջին խոսքը


Գիտեմ՝ պատվերը որտեղից է գալիս, Բաբայանը մի տարի ավել նստի, թե պակաս՝ հարց չեք լուծելու. Սամվել Բաբայանի վերջին խոսքը
Նոյեմբեր 27 19:01 2017

Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավարությունն ավարտվեց, վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհայտարարվի դատավճիռը։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զինահրթիռային համակարգ տեղափոխելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ։ Մինչ դատավճիռը ամբաստանյալներին վերջին խոսքի հնարավորություն տրվեց։ Երկու գործով էլ ոչ մեկն իրեն մեղավոր չճանաչեց։

Սամվել Բաբայանը կրկին հիշեցնելով գործով ուշագրավ ցուցմունքները՝ պնդեց, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Շեշտեց, որ նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ այն հրթիռ չէ, հրթիռի մասնիկ է։ Եթե այն չէր կրակում, ինչի պիտի դրա դիմաց գումար վճարեր Սանասար Գաբրիելյանին, որը նկարն իրեն է ցույց տվել։ «Ինչի համար եմ սա շեշտում, որովհետեւ հրթիռը ամբողջական է, երբ որ մեխանիզմը վրան է։ Հակառակ դեպքում այն կոչվում է խողովակ՝ տրուբա։ Ես բացատրում եմ, որ գրել եմ դրա մասին, դա մասնիկ է, եւ կարիք չի եղել էքսպերտի որոշումը բողոքարկել, քանի որ կա դատարան, եւ դա ես կանեմ դատարանում։ Ես գիտեի իմ իրավունքները, ես հանցանք չեմ կատարել»,–ասաց Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատարը։

Սամվել Բաբայանը մեղադրող դատախազ Արամ Արամայանին մեղադրելով պատմությունը չիմանալու մեջ՝ մեկ անգամ եւս հիշեցրեց իր ով լինելն ու ծավալած գործունեությունը Արցախյան ազատամարտի տարիներին։ «Եթե Դուք պետք է ինձ գնահատական տաք՝ ես ոնց եմ ծառայել էս երկրին, շատ փոքր եք եղել, չէիք իմանում։ Ընդհանրապես ձերբակալման փուլից ինձ հետ խոսել են քաղաքականությունից ու բացատրել՝ ինչի համար են ինձ բռնել, ես չեմ ուզում դրան անդրադառնալ, փաստերը կան, չեմ ուզում քաղաքականացնել, ու խորհուրդ եմ տալիս Դուք էլ չքաղաքականացնեք ու անցնեք։ Ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը։ Իգլայի գործը որեւէ կերպ ինձ հետ կապ չունի, որեւէ փաստ չկա»,–ասաց Սամվել Բաբայանը։

Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, նշեց՝ կրիմինալ տարր պարունակող որեւէ քայլ չի կատարել.

«Փողի մասով, նորից եմ կրկնում՝ ես կրիմինալ մասով քայլ չեմ արել։ Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որեւէ բան չեմ թաքցրել։ Երկրորդը՝ ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ փողի հարցով գործը հարուցվել է 2016–ի սեպտեմբերին, ինձ հարցաքննել են 2017–ի ապրիլի 18–ին։ Ութ ամիս ես Հայաստանից չեմ փախել, առաջին րոպեից ասել են, որ դա Սամվել Բաբայանի փողն է ու մեկը ինձ չի հարցրել՝ որտեղից է, ինչ է, կամ տիրոջը կանչեին մի բան խոսեին։ Երբ որ հասկացել են հրթիռի դիրքերը թույլ են, էս մեկը քաշել բերել պոչից կապել են։ Սա ձեր խնդիրն է։ Շատ լավ գիտեմ՝ պատվերը որտեղից է գալիս, ականջներն էլ գիտեմ՝ որտեղից է։ Ասում եմ՝ օրենքը կարելի է թեթեւ շրջանցել, բայց չի կարելի թքել վրան, թքել պետության վրա, եթե ուզում եք պետություն դառնաք։ Բաբայանը մի տարի ավել, մի տարի պակաս նստի, դուք դրանով հարց չեք լուծելու»,–եզրափակեց Սամվել Բաբայանը։