Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցել ԵՄ հետ բանակցություններում. «168 ժամ»


Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցել ԵՄ հետ բանակցություններում. «168 ժամ»
Նոյեմբեր 25 09:52 2017

«168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, մասնավորապես ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովների ընթացքում»:
Ուշագրավ է, սակայն, որ գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը հռչակագիրն ընդունել է վերապահումներով: Թե ո՞րն է խնդիրը, պաշտոնական լրահոսը չի հայտնում:
ԵԺԿ-ում «168 ժամի» աղբյուրները հաղորդում են, որ վերապահման պատճառը որեւէ առնչություն չունի Ղարաբաղյան խնդրին, այլ այն պայմանավորված է հռչակագրում Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերություններին վերաբերող մասով, մասնավորապես` Արեւելյան գործընկերության որոշ երկրների հետ ունեցած կոնֆլիկտների հետ կապված Ռուսաստանին վերաբերող գնահատականներին:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այսինքն` դա դառնում է ԱլԳ շրջանակներում հանդիպող պետության ղեկավարների սեփական կուսակցությունների քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս տեսնակյունից այն շատ կարեւոր է եւ ավելին է, քան այն, ինչ արձանագրված է անգամ ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Թերեւս այն խոսակցությունների պատկերին, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության առանձին դրույթ ունենալ եւ դա նույնացնել ուկրաինական, վրացական, մոլդովական եւ կատալոնական հակամարտությունների հետ, բնականաբար, սա արդեն կանխարգելիչ նշանակություն ունեցավ»:
Ըստ նրա` Ալիեւը մի բան հրաշալի է հասկանում` Հայաստանն իրենից առաջ է անցել ԵՄ հետ բանակցություններում, մեր պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է եւ այն վերաբերում է անվտանգության խնդիրներին լայն առումով` սկսած գլոբալ անվտանգությունից, վերջացրած Ղարաբաղյան հակամարտությամբ. «Եվ այդ ձեւակերպումները, որոնք արդեն իսկ համաձայնեցրել են հակամարտության մի կողմի` Հայաստանի հետ, բնականաբար, ավտոմատ ազդելու են Ադրբեջան-Եվրամիություն բանակցվող համաձայնագրի վրա, որովհետեւ ԵՄ-ն, ուզենք, թե չուզենք, նույն մոտեցումներն է շարադրելու եւ ոչ թե ուրիշ բան, որ Իլհամ Ալիեւը պատկերացնում է: Ալիեւը սրտի խոր կսկիծով պարտադրված է դառնում վերադառնալ քաղաքական կարգավորումների դաշտ, գոնե քաղաքական մոտեցումների շրջանակում: Սա բավականին նեղացնում է Ալիեւի դաշտը խնդիրը ռազմական եղանակով լուծելու առումով, որովհետեւ մենք գործ ունենք 28 պետություն գումարած ԱլԳ 6 պետությունների դիրքորոշումների հետ»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` ԵԺԿ հռչակագիրն աննախադեպ է. «Ոչ մի քաղաքական փաստաթղթում նման համապարփակ գնահատականներ, որ կվերաբերեին եւ՛ Մինսկի խմբի համանախագահներին աջակցությանը, եւ՛ 1994թ. հրադադարի պահպանմանը, եւ՛ 3 սկզբունքներին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշմանը, եւ՛ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի գագաթնաժողովներին, այս պահի դրությամբ չկան, որեւէ այլ փաստաթղթում գրված չեն այն սկզբունքները, որոնց շրջանակներում խնդրի կարգավորման գործընթացը պետք է ընթանա: ԵԺԿ այս հռչակագիրը դրանով է կարեւորվում, որ իր մեջ ներառել է վերջին զարգացումների հետ կապված բոլոր սկզբունքները, մոտեցումներն ու բանաձեւերը: Սա շատ կարեւոր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում