Բյուջեի քննարկումներն Արցախի Ազգային ժողովում շարունակվում են


Բյուջեի քննարկումներն Արցախի Ազգային ժողովում շարունակվում են
Նոյեմբեր 24 20:15 2017

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում նոյեմբերի 24-ին շարունակվել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում:
Նիստին, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը, մասնակցել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:
Քննարկման է ներկայացվել իշխանության պետական, դատական մարմինների և դատախազության ֆիանսավորման հարցը:
Ներկայացնելով 2018թ.-ին ԱՀ նախագահի աշատակազմի պահպանման ծախսերը՝ աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեն կազմվել է՝ հաշվի առնելով կառավարության և նախագահի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները:
«ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ նախագահի աշխատակազմում ստեղծվել է «կառավարության գործերի կառավարչություն» առանձին ստորաբաժանում՝ ֆինանսատնտեսական ինքնուրույն գործունեությամբ և հաստատված բյուջեով», -նշել է Մարատ Մուսայելյանը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով նշված փոփոխությունից հետո մի շարք ստորաբաժանումներ ընդգրվել են նախագահի, պետական նախարարի և առանձին նախարարությունների աշխատակազմերում: Հաշվի առնելով վերոնշյալ փոփոխությունները՝ 2018թ.-ին նախագահի աշխատակազմի բյուջեն կկազմի 557մլն 660 հազ դրամ:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, ներկայացնելով գալիք տարում աշխատակազմին բյուջեից հատկացվելիք գումարը, նշել է, որ այն կկազմի 601մլն 251հազ դրամ:
Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի տեղեկացմամբ աշխատակազմի պահպանման ծախսը 2018թ.-ին կկազմի 377մլն 401հազ դրամ:
Գերագույն դատարանի աշխատակազմի ծախսը, դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի խոսքով, 2018թ.-ին կկազմի 571մլն 52հազ դրամ:
Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի փոխանցմամբ դատախազության պահպանման նպատակով գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 503մլն 323հազ դրամ:
Արդարադատության նախարարության պահպանման ծախսը, նախարար Արարատ Դանիելյանի փոխանցմամբ, կկազմի 350մլն 324հազ դրամ:
Հաշվեքննիչ պալատին, համաձայն պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի տեղեկատվության, 2018թ. բյուջեից կտրամադրվի 142մլն 828 հազ դրամ:
Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ գրասենյակի պահպանման ծախսը գալիք տարի կկազմի 42մլն 182հազ դրամ:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի տեղեկացմամբ, խորհրդի 2018թ. ծախսը կկազմի 102մլն 143հազ դրամ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի փոխանցմամբ 2018թ.-ի բյուջեի նախագծով հանձնաժողովին է տրամադրվելու 101 մլն 239հազար դրամ, որից 38մլն 925 հազ դրամը ապարատի պահպանման ծախսերի համար և «Ընտրություններ» ծախսային ծրագրով՝ 62մլն 313հազ դրամ:
Պատգամավորներն առաջադրել են ոլորտների ծախսերին և գործունեությանը վերաբերող հարցեր:
Բյուջեի հանձնաժողովային քննարկումները կշաարունակվեն նոյեմբերի 27-ին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում: