Կադաստրի աշխատակիցները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում


Կադաստրի աշխատակիցները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում
Նոյեմբեր 21 17:28 2017

Նոյեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, որում նշվում էր, որ անշարժ գույքի բազմաթիվ գործարքների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին, հարուցվել է քրեական գործ: «Ուսումնասիրության ներկա փուլում արդեն իսկ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի նկատմամբ 58.350.000 դրամը գերազանցող 5 գործարքներ (որոնցից 2-ը կատարվել են 30.06.2014 թ., մյուսները՝ 31.03.2014թ., 30.09.2014թ., 31.03.2016թ.)` ընդհանուր 682.699.420 դրամ արժեքով, չեն հայտարարագրվել, և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 78.189.884 դրամ ԱԱՀ-ի գումար՝ առանց տույժ, տուգանքի: Իսկ տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարված` ընդհանուր 7.859.000 դրամ արժեքով 3 գործարքներով հաշվարկներ չներկայացվելու հետևանքով պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 1.571.800 դրամ ԱԱՀ գումար՝ առանց տույժ, տուգանքի (այդ տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը դադարեցված է)»,- ասված էր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Armday.am-ին հայտնի դարձավ, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներն այս օրերին հրավիրվում են դատախազություն եւ քննչական կոմիտե` հարուցված քրեական գործի շրջանակներում: Իրավապահները սկսել են մանրակրկիտ ուսումնասիրել կադաստրի գործունեությունը: «Մեծերի գլխից է պետք բռնել» Սերժ Սարգսյանի` տարիներ առաջ արված հայտարարությունը իրավապահներին ոգեւորել է: Բացի այդ, մեր տեղեկությունների համաձայն` կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում իշխանությունները իրական բինգո են բռնել եւ հայտարարել են, որ կոռուպցիոներ, թոշակառուների փողերը մսխած, հետո ներում ստացած Խաչիկյան Վազգենին ազատ արձակելուց հետո իրավապահ մարմինների նկատմամբ վստահության մակարդակը էականորեն նվազել է:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից Armday.am-ը հետաքրքրվեց, թե հարուցված քրեական գործն ի՞նչ փուլում է, եւ կա՞ն արդյոք կասկածյալներ: Ի պատասխան Աբրահամյանն ասաց, թե ընթանում է նախաքննություն, իսկ կասկածյալներ առայժմ չկան:

Իսկ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն Armday.am-ին փոխանցեց, որ քրեական գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն քննչական բաժին, տարվում է քննություն, ուսումնասիրվում են քրեական գործում առկա փաստական տվյալները, կատարվում է բազմակողմանի քննություն:

Փայլակ Ֆահրադյան