Երգչուհի Իրինա Հարությունյանի YouTube-յան պաշտոնական էջն արգելափակվել է


Երգչուհի Իրինա Հարությունյանի YouTube-յան պաշտոնական էջն արգելափակվել է
Նոյեմբեր 21 13:38 2017

Երգչուհի Իրինա Հարությունյանի YouTube-յան պաշտոնական էջն արգելափակվել է: Նշենք, որ օրեր առաջ շոուբիզնեսի տասնյակ ներկայացուցիչներ հայտարարել էին, որ արգելափակվել են իրենց յութուբի էջերը: Ոմանց հաջողվել է վերականգնել, մյուսները շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ:

Armday.am-ի հետ զրույցում երգչուհի Իրինա Հարությունյանը հայտնեց, որ երկու օր առաջ է տեղեկացել, որ իր YouTube-յան պաշտոնական էջն արգելափակվել է: «Տեղյակ եմ, որ շատերի էջերն են արգելափակվել, բայց նրանցից մի քանիսինը վերականգնվել է: Հուսանք մյուսներինս ևս կվերականգնվի։ Այնտեղ իմ տարիների կատարած աշխատանքն է ներկայացված և եթե հարցը չլուծվի ամբողջ աշխատանքս հնարավոր է՝ կորչի»,- ասաց երգչուհին: Իրինա Հարությունյանի խոսքով արգելափակումից հետո խոսել է մասնագետների հետ: Վարկածները տարբեր են: Չի բացառվում, որ երգչուհու պաշտոնական էջի համար բողոքներ են ներկայացվել, ինչն էլ արգելափակման պատճառ է դարձել: «Ինձ ասեցին, որ որոշ բողոքներ են ստացվել: Մասնագետները շարունակում են աշխատել, կարծում եմ դա եւս կպարզվի: Նամակ եմ գրել նաեւ YouTube-ին»,- ասաց երգչուհին:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Armday.am-ին փոխանցեց, որ նման խնդիր առկա է շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչների մոտ: «Խնդիրը նրանում է, որ դա մարդ չի անում, այլ ավտոմատացված է և միշտ չի, որ այն ճիշտ է աշխատում»,- ավելացրեց նա:
Նշենք, որ վերջերս Իրինա Հարությունյանը երկրպագուների դատին էր ներկայացրել իր նոր կատարումը, որը կոչվում էր «Հարս գնաս բարով»: 3 օրվա ընթացքում այն ունեցել էր ավելի քան տասը հազար դիտում:

Armday.am