ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ


ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Նոյեմբեր 20 16:17 2017

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դեռ նախընտրական շրջանից «Ելք» դաշինքն առաջարկում էր, որ Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Մասնավորապես, «Ելքի» նախագծում ասվում է. «ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են:

ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է: Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵԱՏՄ-ում այն դառնում է 8-12․5%, շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից և Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%, թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵԱՏՄ-ում կաճի մինչեւ 25%, Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում:

ԵԱՏՄ անդամ-պետությունները որևէ օգնություն չեն ցուցաբերել և այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներով»:

Դաշինքն որպես այլընտրանք տեսնում է ԵՄ-Հայաստանի ակտիվ համագործակցությունը:

«Ելքի» ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկն այնքան էլ դուր չի գալիս Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես՝ ԱԺ բացարձակ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականներն պնդում են, որ Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց լինել չի կարող:

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: Լսումներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել [email protected] էլեկտրոնային հասցեով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 513 423 հետախոսահամարով: Լսումների անցկացման օրը մասնակիցները գրանցվելու համար պետք է մոտենան ԱԺ Բաղրամյան անցակետ ժամը 10:00-ից: