«Հայտարարություն կատարելով չէ միայն». Վախթանգ Միրումյանը կոչ է անում դիմել իրավապահներին


«Հայտարարություն կատարելով չէ միայն». Վախթանգ Միրումյանը կոչ է անում դիմել իրավապահներին
Նոյեմբեր 17 12:35 2017

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների այն հայտարարությանը, որ ՊԵԿ աշխատակիցները վրաերթի են ենթարկել Առինջ մոլի աշխատակիցներին:

«Եթե կան նման դեպքեր, ապա կարող են դիմել համապատասխան մարմինների, ովքեր կպարզեն, եղել է, թե ոչ: Հայտարարություն կատարելով չէ միայն»,- ասաց Միրումյանը:

Դիտարկմանը` կա նաև համապատասխան տեսանյութ և աշխատակիցն էլ պնդում է տեղի ունեցածի մասին, Միրումյանն ասաց, որ չի տեսել այդ տեսանյութը, ապա դարձյալ կրկնեց, որ եթե կա նման երևույթ, ապա համապատասխան մարմինները պետք է զբաղվեն: Նա նշեց, որ հարկային մարմինները օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն կիրառել ֆիզիկական ուժ, որն իհարկե սահմանափակումներ ունի:

Մասնավորապես, եթե հարկային մարմնի ներկայացուցիչը ենթարկվել է հարձակման: Ինչ վերաբերում է Առինջ մոլում կատարվող ստուգումներին, ապա Միրումյանն ասաց. «Համապատասխան ռիսկային չափանիշներ կան, որոնց հիման վրա մեկ տարի առաջ հայտարարվում է ստուգումներ իրականացնելու մասին»:

Հիշեցնենք, որ քանի օր է Ծառուկյան խմբակցության պատգամավորները ելույթներով են հանդես գալիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանին պատկանող Առանջ մոլի: